09:30  ,  17 նոյեմբերի, 2012

Մաուրո Գուեւգեւոզյանը կհրավիրվի Հայաստանի հավաքական

Երեւանի «Փյունիկի» նախկին հարձակվող Մաուրո Գուեւգեւոզյանը հաջորդ տարի կհրավիրվի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական: Այդ մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

26-ամյա Գուեւգեւոզյանը հանդես է գալիս ուրուգվայական «Ֆենիքսում» եւ վերջին շրջանում աչքի է ընկնում արդյունավետ խաղով: Ուրուգվայի ընթացիկ առաջնության մեկնարկային 11 տուրերում նա դարձել է 9 գոլի հեղինակ: «Ֆենիքսի» կազմում անցկացրած 36 խաղերում Գուեւգեւոզյանը խփել է 29 գնդակ:

Վարդան Մինասյանը հայտնել է, որ Հայաստանի հավաքական կհրավիրվի նաեւ ռուսական «Ուֆա» ակումբի 27-ամյա հարձակվող Միխայիլ Մարկոսովը, ով Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում դարձել է 7 գոլի հեղինակ:

Մինասյանի խոսքով՝ ձմռանը Հայաստանի հավաքական ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում