11:02  ,  3 մարտի, 2024

Անչելոտի․ Աննախադեպ բան տեղի ունեցավ

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է մրցավարական սկանդալը, որը տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Վալենսիա» - «Ռեալ» հանդիպման (2:2) ավելացված ժամանակի վերջին վայրկյանին։

Ավելացված 9-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խփեց «Ռեալի» երրորդ գոլը, սակայն դրանից մեկ վայրկյան առաջ հանդիպման մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն արդեն տվել էր եզրափակիչ սուլիչը եւ չգրանցվեց գոլը։ Վիճելու համար Բելինգեմը ստացավ կարմիր քարտ։

«Ինչ կարող եմ ասել։ Առանձնապես ոչինչ չկա ասելու։ Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Գնդակը խլելուց հետո մենք զարգացնում էինք գրոհը։ Կարծում եմ՝ պետք է թույլ տային գրոհը ավարտին հասցնել, կամ մրցավարը պետք է սուլեր, երբ գնդակը դեռ «Վալենսիայի» ֆուտբոլիստների մոտ էր։ Կարծում եմ՝ մրցավարական սխալ էր»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

27 խաղից հետո «Ռեալը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան» 26 խաղից հետո ունի 59 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում