19:16  ,  29 փետրվարի, 2024

Հակոբ Սերոբյան․ Օրենքների փոփոխությունները զարմանալի են եւ անընդունելի

Օրենքների փոփոխությունները զարմանալի են եւ անընդունելի մասնավորապես մարմնամարզիկների համար: Մենք չենք կարող տարվա ընթացքում 2 միջազգային մրցաշարով եւ մեկ արտագնա հավաքով բավարարվել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչն անդրադարձավ ազգային ֆեդերացիաներին առնչվող օրենքի նոր փոփոխություններին: Ըստ նրա, նոր փոփոխություններն անընդունելի են մասնավորապես մարմնամարզիկների համար:

«Եղել է օրենքի փոփոխություններ: Զարմացել եմ ուղղակի: Ըստ այդ փոփոխությունների, տարվա բյուջեով իրավունք ունենք անցկացնել 4 ուսումնամարզական հավաք, որոնցից միայն մեկը արտերկրում: Մեզ համար անհնար է, եթե չունենք դահլիճ:

Եւս մեկ փոփոխություն կա անհասկանալի, որ իրավունք ունենք տարվա ընթացքում մասնակցել  2 միջազգային մրցաշարի: Ինչպե՞ս կարող ենք երկուսին մասնակցել, եթե աշխարհի գավաթի փուլերը 4-ն է, ինչպե՞ս անենք: Այդ փուլերով ենք իրավունք աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ձեռք բերում: Ֆինասնավորումը տրամադրում են, բայց մենք չենք կարող միայն երկուսին մասնակցել:

Ինձ համար այս ամենն անհասկանալի է: Մեզ ասել են, դուք խնդիր չունեք, բայց ինչու օրենքից դուրս բաներ անենք: Ինչպես երկու մրցաշարով բավարարվենք տարվա ընթացքում: Եթե Հայաստանում հնարավորություն չունենք: 

Մենք գնում ենք Վրաստան, բոլորի համար գովազդ է դարձել Արթուր Դավթյանի հետ մարզվելը: Առաջիկա հավաքին մեզ հետ ցանկություն են հայտնել 4-5 երկիր համատեղ մարզվել: Բոլորի համար սա հպարտություն է, իսկ մեզ մոտ օրենք են ընդունում երկու միջազգային մրցաշարի մասնակցել, միայն 1 հավաք ունենալ դրսում:

Ես չեմ բողոքում, բայց օրենքների փոփոխություններն են ինձ համար անհասկանալի»,- մանրամասնեց Հակոբ Սերոբյանը:

Մինչեւ Օլիմպիական խաղեր, Հայաստանի հավաքականը ապրիլի 23-28-ը Իտալիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչի խոսքով, Եվրոպայի առաջնությանը թիմին կմիանա երիտասարների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը: Նա առաջին անգամ կփորձի ուժերը մեծահասակներում: Նույն օրերին զուգահեռ կանցկացվի նաեւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը կունենա 4 մասնակից: 

«Եվրոպայի առաջնություն ունենք, որը նախորդ տարվա պես զուգահեռ է երիտասարդների հետ: Շատ բարդ աշխատանք ունենք անելու, քանի որ Եվրոպայի առաջնությանը նախորդում է Դոհայի աշխարհի գավաթի վերջին փուլը: Թբիլիսիում երկու թիմերն էլ հավաք կանցնեն: Մեծահասակները՝ 14-օրյա, երիտասարդները՝ 21: Մենք տղաների հետ այնտեղից կմեկնենք Դոհա, երիտասարդները կավարտեն եւ կմեկնեն Իտալիա: Մենք նրանց կմիանանք Դոհայից: Եվրոպայի առաջնությանը մեզ կմիանա Էրիկ Բաղդասարյանը: Բազմամարտում է անելու: Մենք կփորձենք Իտալիայում թիմային պայքարում լիել: Թե ինչքանով կստացվի, ժամանակը ցույց կտա:

Երիտասարդների վրա մեծ շեշտադրություն ենք դրել: Ունենք մի նպատակ, որ այս տղաները լավ ու ուժեղ թիմ դառնան:  2027 թվականին Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության ժամանակ նրանք արդեն կլինեն մեծահասակներում: Փորձում ենք այնպես անել, որ լավ թիմ ունենանք Երեւանում: 

Հուսով եմ շուտով կունենանք մեր դահլիճը եւ մեր ուզածը կլինի: Երիտասարդների մասով շատ լուրջ ենք պատրաստվում: Ցանկանում ենք ամեն ինչ անել, որ լավագույնս մասնակցենք Երեւանում, եթե հաջողվի՝ չեմպիոններ ունենանք: Դրա համար մեզ անհրաժեշտ է դահլիճը, որը մենք դեռեւս չունենք: Այս մասով դեռ անորոշություն է: Մարզադպրոցի շինարարությունն, իմ կարծիքով, արդեն ուշանում է: Եվրոպայի առաջնության համար պետք է լինի երեք դահլիճ: Ինձ համար այս հարցերը մշուշոտ են: Նախագծային աշխատանքները կան, բայց ամեն ինչ անհասկանալի է»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում