21:24  ,  25 փետրվարի, 2024

Ալբերտ Թադեւոսյան․ Ավստրիացիներն ավելի մեծ խնդիրներ ստեղծեցին, քան ալբանացիները

Շատ հետաքրքիր խաղ ստացվեց: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց պայքարել մինչեւ վերջ եւ հաղթանակի հասնել: Դժվար էր:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Ալբերտ Թադեւոսյանը՝ մեկնաբանելով Ալբանիայի նկատմամտ տարած հաղթանակը:

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը առաջին հաղթանակը տարավ 2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլում: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տնային խաղում ազգային հավաքականը 84:79 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին:

«Շատ հետաքրքիր խաղ ստացվեց: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց պայքարել մինչեւ վերջ եւ հաղթանակի հասնել: Շատ դժվար էր: Մեր պահեստային նստարանը այդքան էլ լավ վիճակում չի, այդքան էլ երկար չի, չունենք շատ փոխարինողներ, ինչը դժվարացնում է մեր գործը խաղադաշտում: Մեծ ընդմիջումից հետո բոլորս շատ հոգնել էինք, յուրաքանչյուրս երկար էինք խաղում, ինչն ավելի բարդ էր դարձնում մեր խաղը: Խաղի ընթացքում իմ առջեւ մի խնդիր էի դրել՝ ուղղակի դիմակայել, այնպես անել, որ ոտքերս չհանձնվեն:

Մենք ունենք փորձառու խաղացողներ, որոնց շնորհիվ ամբողջ թիմը կռիվ տվեց եւ հաղթեց:

Ավստրիացիների հետ ավելի բարդ խաղ ստացվեց, քան այսօր: Ինձ թվում է, որ ավստրիացիների հետ մենք ավելի լավ էինք խաղում, մասնավորապես, մեր գրոհներն ավելի լավ էին ստացվում, քան այսօր: Ավստրիացիներն ավելի մեծ խնդիրներ ստեղծեցին, քան ալբանացիները:

Հաջորդ խաղերում մեզ կմիանան վնասվածքի պատճառով բացակայող բասկետբոլիստները, եւ մենք ավելի ուժեղ կպատրաստվենք հաջորդ տուրին: Կփորձենք ամեն ինչ անել եւ ավստրիացիներին հաղթել տանը»,- ասաց Ալբերտ Թադեւոսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում