14:04  ,  13 փետրվարի, 2024

Գվարդիոլա․ Մեսին ու Ռոնալդուն Հոլանդի տարիքում այսպիսի արդյունավետություն չեն ունեցել

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովել է իր ղեկավարած թիմի 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ համեմատելով նրան պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի եւ արգենտինացի Լիոնել Մեսիի հետ։

«Էրլինգ Հոլանդը երիտասարդ է եւ խաղում է ամենաբարդ դիրքում։ Նրան շրջապատում են 4-5 խաղացողներ։ Ես նրան ասացի, որ երկու ամիս բաց թողնելուց հետո պետք է դրական տրամադրվածություն, եւ գոլերը դարձյալ կլինեն։

Խնդիրը միայն մրցակցի դարպասը գրավելը չէ։ Նա պետք է ոգեշնչի թիմակիցներին։ Հոլանդի նման բարձրահասակ եւ խոշոր խաղացողի համար հեշտ չէ վնասվածքից հետո վերադառնալը։ Նա շատ ուժեղ է եւ լավ է հարմարվել այստեղ։

Մենք ունենք հրաշալի թիմ, որը շատ հեշտ է ընդունում նորեկներին։ Ընդամենը մեկ օրում նրանք դառնում են կոլեկտիվի անդամ։ Էրլինգը դա զգաց առաջին օրվանից։ Մենք երբեք նրա վրա ճնշում չենք գործադրել՝ պահանջելով շատ գոլեր։

Համեմատեք նրան ցուցանիշները։ Նույնիսկ Մեսին ու Ռոնալդուն Հոլանդի տարիքում այսպիսի արդյունավետություն չեն ունեցել։ Հոլանդը երկու ամիս բաց թողեց, բայց մենք գոհ ենք նրա վերադարձից»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Էվերտոնի» դեմ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում (2:0) դուբլի հեղինակ դառնալու շնորհիվ Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայում անցկացրած առաջին 50 խաղում գոլերի քանակը հասցրեց 51-ի։ Հոլանդը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Անգլիայում։

Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Հոլանդը մասնակցել է 18 հանդիպման, խփել 16 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում