11:08  ,  13 փետրվարի, 2024

Ալեգրի․ Հիմա ամենաուրախալի պահը չէ, բայց պետք է պահպանել հանգստություն

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Ուդինեզեից» կրած 0:1 հաշվով պարտությունն Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում։

«Առաջին խաղակեսում լավ էինք խաղում, բայց չկարողացանք գոլ խփել։ «Ուդինեզեն» ֆիզիկապես ամուր եւ տեխնիկապես պատրաստված թիմ է, որը լավ է օգտագործում ստանդարտ դիրքերը։ Հեշտ չէր դիմակայելը։

Հիմա ամենաուրախալի պահը չէ, բայց պետք է պահպանել հանգստություն, քանի որ մենք երկրորդ տեղում ենք մրցաշարային աղյուսակում։ Սակայն դեռ շատ միավորներ պետք է վաստակել Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովելու համար։

Մեր թիմին պետք է անցումային շրջան, քանի որ շատ խաղացողներ չունեն չեմպիոնական փորձ։ Ցավալի է այսպիսի պարտությունը, բայց մենք պետք է դասեր սերտենք այսպիսի իրավիճակներից։ Նյարդայնությունը չի օգնի, պետք է մտածել աշխատանքի մասին»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

«Յուվենտուսը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Իտալիայի առաջնությունում։ Նախորդ տուրում «Յուվենտուսը» դարձյալ 0:1 հաշվով պարտվել էր Միլանի «Ինտերին», որը 23 խաղից հետո 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» 24 խաղից հետո ունի 53 միավոր եւ երկրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում