13:02  ,  11 դեկտեմբերի, 2023

Արաս Օզբիլիզ․ Եթե լինի արդար ընտրություն, ես վստահ հաղթանակ կտանեմ

Եթե լինի արդար ընտրություն, ես վստահ հաղթանակ կտանեմ: Չեմ բացառում, որ արդեն կան նախնական պայմանավորվածություններ:

Այս մասին ասուլիսում նշեց Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը:

«Ինձ այժմ դուր չի գալիս այն մթնոլորտը, որը կա հավաքականում: Չեմ ցանկանում անուններ հնչեցնել, խոսել այդ ամենի մասին, բայց մեր ժամանակ ամեն ինչ այլ էր: Երբ ես խաղում էի հավաքականում, մեր ամենաուժեղ կողմն այն էր, որ մենք մի մեծ ընտանիք էինք:

Հավաքականում խաղալը մեծ պատիվ պիտի լինի, ֆուտբոլիստը պետք է խաղա իր երկրի համար, ոչ թե անձնական շահի համար: Մեր թիմում մթնոլորտը շատ ուժեղ էր: Երբ մթնոլորտը ուժեղ է, հաղթանակներն ու հաջողություններն ավելի մոտ են լինում:

Գլխավոր մարզիչի մասով այդքան մեծ խնդիր չեմ տեսնում: Մեր խնդիրը հավաքականի մարզիչը չի, այլ հավաքականի մարզիչ ընտրելու կարգը, բայց այս մասին դեռ չեմ ուզում խոսել, քանի որ Պետրակովը դեռ ունի պայմանագիր եւ տեղի չէ այդ մասին խոսելը:

 Մեր ժամանակ իսկապես ամեն ինչ այլ էր: Ես հավաքականում չեմ խաղացել Արմեն Մելիքբեկյանի ղեկավարության օրոք, չեմ կարող ասել տարբերությունը: Ես տեսնում եմ արդյունքները, մթնոլորտը, որը գոհացնող չի»,- ասաց Արաս Օզբիլիսը:

Հավաքականում մթնոլորտի, Արմեն Մելիքբելյանի ղեկավարության մասին խոսելիս, ասուլիսի սրահը հոսանքազրկվեց: Լրագրողները կատակեցին, որ միտումնավոր է: Րոպեներ անց տեխնիկական խնդիրը շտկվեց:

NEWS.am Sport-ի հարցին՝ հավատո՞ւմ է արդար ընտրությանը, ՀՖՖ նախագահի թեկնածուն նշեց, որ շատ է ուզում արդար լինի:

«Եթե արդար ընտրություն լինի, ես վստահ հաղթանակ եմ տանելու: Ինձ համար շատ կարեւոր է, որ լինի արդար: Չեմ կարող ասել, թե ինչպես կլինի, Մելիքբեկյանի անունից ոչինչ չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ արդար լինելու դեպքում՝ վստահ հաղթանակս ապահովված է:

Ով զբաղվում է ֆուտբոլով, նշանակում է՝ սիրում է ֆոուտբոլը, ներդրում է անում, որ զարգանա ֆուտբոլը: Եթե իրենք ներդրում են անում եւ գոհ են այս վիճակից, ոչինչ չունեմ ասելու:

 Դժվար է հավատալ, որ պայմանավորված դեպքեր չկան: Ձայնս բարձրացնում եմ այն ակումբներին, որոնց մի բան են խոստացել, ճնշումներ անում, եկեք բոլորս միանանք եւ մեր ֆուտբոլը զարգացնենք:

Փորձում եմ բոլոր ակումբների հետ հանդիպել, խոսել: Չեմ ուզում ասել, թե ով, ում է պաշտպանում: Ով տեսնում է, որ մեր ֆուտբոլը վատ վիճակում է եւ իր ձայնը չի բարձրացնում, ինքն էլ է մեղավոր այդ իրավիճակի համար: Առանց կրիտիկա ֆուտբոլը չի զարգանա:

Ես կարող եմ խոսք տալ բոլոր ակումբների հետ հավասար աշխատանք: Այդպես բան չի կարող լինել, որ ֆեդերացիան մի ակումբի հետ լավ լինի, մյուսի հետ՝ վատ: Անձնական խնդիրը եւ շահը չի կարող առաջին տեղում լինել: Եթե թափանցիկ ես եւ արդար, այդ խնդիրը լուծում ես:

Ֆուտբոլում ռեվոլյուցիա է պետք: Պետք է հայկական ֆուտբոլի սիրտը հանենք, նոր սիրտ դնենք: Ես իրոք ուզում եմ, որ ֆուտբոլը լավ լինի:  Եթե չընտրվեմ, կնոջս ասելու եմ տոմսեր գնի եւ թռնենք (ծիծաղում է): Կատակում եմ: Եթե չընտրվեմ, մնալու եմ ֆուտբոլում: Ես գալիս եմ հանուն հայկական ֆուտբոլի: Ես ինձ շատ վատ կզգամ, եթե գիտեմ՝ կարող եմ ինչ-որ բան անել ու չանեմ»,- նշեց Արաս Օզբիլիզը:

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ Պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ Արաս Օզբիլիզը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով