11:36  ,  8 դեկտեմբերի, 2023

Էդգար Սեւիկյանը՝ Հայաստանի թիմն ընտրելու մասին․ Այդպիսի որոշումը կարելի է ընդունել միայն սրտով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» 22-ամյա կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը պատմել է, թե ինչն է օգնել ընտրություն կատարել Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ։

«Այդպիսի որոշումը կարելի է ընդունել միայն սրտով։ Չի եղել այնպես, որ ես ինչ-որ մեկի հետ հանդիպել եմ եւ որոշել։ Ամենից առաջ, ինքս ինձ էի հարցնում՝ ցանկանում եմ, թե չեմ ցանկանում։ Զգացի, որ ցանկանում եմ եւ տվեցի համաձայնությունս։ Ոչ ոք չէր կարող ազդել։

Հայաստանի հավաքականն այս տարի վատ շրջափուլ չանցկացրեց։ Եղան վառ հանդիպումներ։ Միայն Լատվիայի դեմ չհաջողվեց ցուցադրել որակյալ խաղ։ Դա ազդեց ամբողջ որակավորման վրա։ Բայց Խորվաթիայի եւ Ուելսի դեմ շատ պահեր ունեինք, կարող էինք գոլեր խփել։ Մրցակիցներից լավ էինք խաղում։

Ամեն դեպքում, ունենք լավ թիմ։ Մենք կարող ենք աճել։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք դրական արդյունքների»,- Սեւիկյանի խոսքը մեջբերում է Sport-express-ը։

Էդգար Սեւիկյանը նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է հոկտեմբերի 12-ին Լատվիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խաղում։ Հայաստանի թիմը պարտվել էր 0:2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում