23:38  ,  20 նոյեմբերի, 2023

Շախմատի ԵԱ․ Հայաստանի թիմը հաղթեց Անգլիային եւ դարձավ բրոնզե մեդալակիր

Շախմատի Հայաստանի հավաքականը նվաճեց Չեռնոգորիայում անցկացված Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալները։

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց անգլիացիներին։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Նիկիտա Վիտյուգովի, Գաբրիել Սարգսյանը՝ Դեւիդ Հաուելի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Լյուկ Մաքշեյնի հետ։ Հայաստանի թիմի հաղթական միավորը վաստակեց երրորդ համար Շանթ Սարգսյանը, որը պարտության մատնեց Մայքլ Ադամսին։

Հայաստանի թիմը 9 տուրում վաստակեց 13 միավոր (հաղթանակի համար՝ 2 թիմային միավոր)։ Երրորդ տեղի մյուս հավակնորդներ, վերջին տուրից առաջ 11-ական միավորներ վաստակած Խորվաթիան ու Հունաստանը պարտություններ կրեցին։

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Սերբիան, որը վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց հույներին եւ վաստակեց 15 միավոր։ Երկրորդ տեղը նույնքան միավորով գրավեց Գերմանիան, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց խորվաթներին։

Կանանց Հայաստանի թիմը վերջին տուրում 1,5:2,5 հաշվով պարտվեց լեհերին եւ 10 միավորով գրավեց 11-րդ տեղը։ Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Բուլղարիան՝ 16 միավոր։

Ֆոտո՝ ՀՇՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում