10:30  ,  9 նոյեմբերի, 2012

Արմեն Աղուզումցյան. Շախմատի Հայաստանի հավաքականի թաքնված տաղանդը

Երբ վերադարձա Հայաստան, ծանոթացա Լեւոն Արոնյանի հետ, եւ նա առաջարկեց վերականգնել շախմատի Հայաստանի հավաքականում հոգեբաններ եւ բժիշկներ ունենալու պրակտիկան: Հիմնականում շախմատիստները այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում ֆիզիկական պատրաստվածությանը, սակայն Հայաստանի հավաքականի տղաները շատ լավ գիտակցում են, թե որքան կարեւոր է դա: Եթե շախմատիստը լավ մարզավիճակում չլինի, նրա ուղեղը չի դիմանա մի քանի ժամվա լարվածությանը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Շախմատի Հայաստանի հավաքականի բժիշկ Արմեն Աղուզումցյանը:

Ստամբուլում կայացած շախմատի Համաշխարհային օլիմպիադայից հետո Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի խորհրդի նախագահ Իլյա Լեվիտովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ի տարբերություն մյուս հավաքականների, հայկական թիմը միշտ թարմ տեսք ուներ եւ հաջողության գրավականն այն էր, որ հայ շախմատիստների կողքին միշտ գտնվում էր բժիշկ Արմեն Աղուզումցյանը:

Արմեն, այսքան երիտասարդ եք, բայց լավագույն մասնագետներից եք Հայաստանում: Որտե՞ղ եք ստացել բժշկական կրթությունը:

Դպրոցն ավարտելուց հետո ես մեկնել եմ Չինաստան եւ տասը տարի բժշկություն եմ սովորել Պեկինի ավանդական բժշկության համալսարանում: Այնտեղ սովորել եմ ասեղնաբուժություն, մանուալ թերապիա եւ բուսաբուժություն: Երկրորդ կրթությունս էլ հոգեբանությունն է, որը ես ստացել եմ Հայաստան վերադառնալուց հետո: Երբ վերադարձա Հայաստան, սկսեցի աշխատել շախմատի ակադեմիայում: Երկու տարի առաջ էլ ծանոթացա Լեւոն Արոնյանի հետ: Նա առաջարկեց վերականգնել հավաքականում հոգեբաններ եւ բժիշկներ ունենալու պրակտիկան: Անցյալ տարի, երբ աշխարհի առաջնությունն անցկացվում էր Չինաստանում, ես առաջին անգամ թիմի հետ մեկնեցի մրցավայր: Այստեղ, գուցե, կարեւոր դեր խաղաց նաեւ իմ՝ չինարենի իմացությունը: Իսկ այս Օլիմպիադային ես արդեն լավ ծանոթ էի թիմին: Գիտեի՝ անհատապես ում ինչ է հարկավոր:

Մի փոքր ավելի կմանրամասնե՞ք ձեր գործի բնույթը: Հատկապես հետաքրքիր է, թե ինչպե՞ս է թիմը պատրաստվում մրցաշարերին:

Մրցաշարերից առաջ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում շախմատիստների ֆիզիկական վիճակին: Հիմնականում շախմատիստները այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում իրենց ֆիզիկական պատրաստվածությանը: Մեր բախտը բերել է, քանի որ հավաքականի տղաները շատ լավ գիտակցում են, թե որքան կարեւոր է դա: Եթե շախմատիստը լավ մարզավիճակում չլինի, նրա ուղեղը չի դիմանա մի քանի ժամվա լարվածությանը: Շախմատիստների հետ զբաղվում ենք լողով, վազում ենք: Որոշ շախմատիստների հետ անհատական վարժություններ ենք անցկացնում: Շատ բաներ չեմ բացահայտի: Թող մեր հաջողության գրավականներից մեկը գաղտնիք մնա: Ուղղակի ասեմ, որ ես կիրառում եմ հատուկ մերսումներ, մանուալ թերապիա, որոշ մարդկանց համար նաեւ բուսաբուժություն: Կան նաեւ հոգեբանական հնարքներ: Հավաքների ժամանակ մենք շեշտը դնում ենք ամեն մարզիկի խնդրի վրա. լինի դա մեջքի կամ պարանոցի ցավ: Կան հենց խաղերից շախմատիստների կենտրոնացվածությունն ավելացնելու մեթոդներ, որոնք օգնում են, որպեսզի օրգանիզմը մտնի պայքարող վիճակի մեջ: Իսկ խաղից հետո շատ կարեւոր է հանգստանալ, թուլացնել սթրեսը:

Օրինակ, ինչպե՞ս եք դա անում:

Ամեն ինչ շատ անհատական է: Ամեն մեկն ունի իր լիցքաթափվելու ձեւը: Կարող եմ ասել, որ Լեւոն Արոնյանն օգտվում է գրեթե բոլոր տարբերակներից: Եվ նա արդեն նկատել է, որ ավելի ուշ է հոգնում եւ շատ հանգստանում է, երբ միասին աշխատում ենք: Խաղից հետո Լեւոնը սիրում է վազել, որն իրեն օգնում է հեշտ լիցքաթափվել, եւ ինչպես գիտեք, վազքը շատ առողջարար է: Կան նաեւ բույսեր, որոնք հանգստացնում են նյարդային համակարգը:

Եթե այս ամենը լինում է խաղերից առաջ եւ հետո, ապա ինչպե՞ս եղավ, որ շատերը նկատեցին, որ մեր թիմի հաջողության մեջ նաեւ ձեր ներդրումը կա:

Դա շեշտեցին հատկապես ռուսական պատվիրակության ներկայացուցիչները: Աշխարհի առաջնության ժամանակ ոչ ոք չգիտեր, որ ես թիմի հետ եմ: Բայց այս Օլիմպիադայում արդեն զգացին, որ նույն մարդը միշտ տղաների կողքին է: Բացի այդ, ռուսական պատվիրակությունն ինձ արդեն գիտեր, քանի որ ես Բորիս Գելֆանդի բժիշկն էի Վիշվանաթան Անանդի հետ մրցախաղի ժամանակ: Ռուսաստանի ֆեդերացիայի ղեկավարները բազմիցս շեշտում էին, որ վերջին տուրերում իրենց թիմը շատ հոգնած է երեւում, մինչդեռ հայերն օր օրի ավելի թարմ տեսք են ստանում:

Այլ հավաքականներից հրավերներ ստացե՞լ եք:

Ոչ, կարծում եմ՝ չեն էլ փորձի, քանի որ գիտեն, որ Հայաստանում շախմատին մեծ ուշադրություն են դարձնում: Ռուսաստանի հավաքականը նույնպես ունի իր բժիշկները, բայց նրանց չէին տարել այդ մրցաշարին: Ռուսներն ավելի շատ կարեւորում են մարզիչի դերը: Գրեթե բոլոր շախմատիստներն ունեին իրենց անհատական մարզիչները: Բայց այս մրցաշարից հետո նրանք հասկացան թիմում բժշկի կարեւորությունը:

Բոլոր մարզաձեւերում կան բժիշկներ, բայց մեր շախմատիստների հաջողությունն ապացուցեց, որ թիմում հոգեբանի կարիք նույնպես կա: Դուք դա կարողացե՞լ եք համատեղել:

Հիմնականում լինում են առանձին մերսողներ, բժիշկներ եւ հոգեբաններ: Ինձ մոտ, այսպես ասած երեքը մեկում է: Շատ բժիշկներ թիմի կողքին են միայն մրցաշարերի ժամանակ: Իսկ մենք աշխատում ենք այդ կապը միշտ պահել, ընկերական մթնոլորտ ստեղծել:

Դուք մեկն եք, իսկ հավաքականի տղաները հինգն են: Ինչպե՞ս եք հասցնում բոլորին հավասարաչափ օգնել:

Բոլորի հետ հավասարապես չեմ աշխատում: Տղաներից ոմանք դիմում են ինձ կոնկրետ դեպքերում, երբ խնդիր է լինում կամ անհրաժեշտություն կա, իսկ կան մարզիկներ, ում հետ ավելի ինտենսիվ եմ աշխատում: Շատ եմ խորհրդակցում նաեւ մարզիչի հետ: Նա շատ լավ գիտի, թե ում ինչ է պետք:

Շախմատի հավաքականի բժիշկ լինելը այլ մարզաձեւերի բժիշկ լինելուց շա՞տ է տարբերվում:

Այո, յուրաքանչյուր սպորտ ինդիվիդուալ է: Ֆուտբոլում բժիշկների աշխատանքը հիմնականում կայանում է մկանային վնասվածքների հետ գործ ունենալը: Շախմատը տարբերվում է մյուս մարզաձեւերից, քանի որ դա մտավոր սպորտ է: Շատերը չգիտեն, բայց աշխատանքի ժամանակ ուղեղն ավելի շատ էներգիա է ծախսում, քան մկանները: Դրա համար շախմատիստները ավելի քիչ էներգիա չեն ծախսում, քան մյուս մարզիկները: Ես ժամանակին աշխատել եմ «Հատիս» բասկետբոլային թիմի աղջիկների հետ: Դա լիովին այլ աշխատանք է:

Աշխատում եք նաեւ շախմատի ակադեմիայում երեխաների հետ: Ինչու՞մն է կայանում ձեր աշխատանքը:

Հիմնականում հոգեբանորեն երեխաներին օգնելն է: Նրանք հաճախ չգիտեն՝ ինչն է կարեւոր: Օգնում եմ նաեւ խնդիրներ ունեցող երեխաներին՝ մերսումներով, ասեղնաբուժությամբ: Երբ հավաքներ են լինում օգնում եմ իրենց ֆիզիկական պատրաստվածության հարցում: Բայց ես այստեղ մենակ չեմ: Տնօրենը` Սմբատ Լպուտյանը, շատ լավ է հասկանում այս ամենի կարեւորությունը:

Դուք լա՞վ եք խաղում շախմատ:

Փոքր հասակում շախմատի խմբակ եմ գնացել: Բայց այժմ սիրողական մակարդակով եմ խաղում: Չնայած, ասեմ, որ լինելով թիմում՝ շատ շախմատային գաղտնիքներ եմ լսել եւ գուցե մի քանի լավ պարտիա կարողանամ խաղալ:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով