Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր ղեկավարած թիմի անհաջող մեկնարկն այս մրցաշրջանում։ «Ռոման» Իտալիայի առաջնության 6 խաղում ընդամենը 1 հաղթանակ է տարել եւ 5 միավորով 16-րդ տեղում է։
«Ամռանը ես ստացել էի ֆուտբոլի պատմության մեջ մարզիչին արված ամենամեծ, ամենակարեւոր եւ խելահեղ աշխատանքային առաջարկը։ Ես հրաժարվեցի, քանի որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում պարտությունից հետո ֆուտբոլիստներին, ակումբի ղեկավարությանը խոստացել էի, որ կմնամ։
Հիմա տպավորություն է, որ ես եմ «Ռոմայի» խնդիրների պատճառը, բայց դա այդպես չէ, ես չեմ ընդունում այդ կարծիքը։ Դա ճիշտ չէ, ես չեմ խնդիրը։
Առաջիկա խաղում կարող ենք բախվել երկրպագուների դժգոհությանը։ Պետք է հարգենք երկրպագուներին եւ ձգտենք հաղթանակի։ Բարդ կլինի, քանի որ հիմա թիմը ահռելի ճնշման տակ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է AS-ը։
Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 1-ին կընդունի «Ֆրոզինոնեին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։
Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում