16:51  ,  30 սեպտեմբերի, 2023

ԱԱ. Հայ մարմնամարզիկների արդյունքները որակավորման փուլից հետո

Բելգիայի Անտվերպեն քաղաքում սեպտեմբերի 30-ին մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 5 մարմնամարզիկ: Առաջին մրցումային օրը ընթանում են բազմամարտի, թիմային պայքարի եւ առանձին գործիքների որակավորման փուլերը:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականի բոլոր 5 ներկայացուցիչներն ավարտել են առաջին օրվա մրցելույթները:

Բազմամարտի առաջին ենթախմբում պայքարի մեջ մտան Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը եւ երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը:

Արթուր Դավթյանը բազմամարտում վաստակեց 82,033 միավոր:

Նժույգ թափեր՝ 13,833 միավոր, օղակներ՝ 13,833 միավոր, հենացատկ՝ 15, 033 միավոր, զուգափայտ՝ 13,200 միավոր, պտտաձող՝ 12,900 միավոր եւ ազատ վարժություններ՝ 13,233 միավոր:

Գագիկ Խաչիկյանը վաստակեց 77, 731 միավոր:

Նժույգ թափեր՝ 14,600 միավոր, օղակներ՝ 12,266 միավոր, հենացատկ՝ 13,133 միավոր, զուգափայտ՝ 12,733 միավոր, պտտաձող՝ 12,133 միավոր եւ ազատ վարժություններ՝ 12,666 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը մասնակցեցին առանձին գործիքների որակավորման փուլերին:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում վաստակեց 14.600 միավոր:

Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը օղակների վարժությունում որակավորման փուլում վաստակեց 14, 433 միավոր: Նույնքան վաստակեց նաեւ աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը:

Հայ մարմնամարզիկներն այսօր ավարտեցին պայքարը: Որակավորման փուլերը կշարունակվեն նաեւ հոկտեմբերի 1-ին: Հայաստանի ներկայացուցիչների վերջնական արդյունքները հայտնի կդառնան որակավորման փուլերի ավարտից հետո:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Բազմամարտում խաղարկվում է 9 ուղեգիր, առանձին գործիքների վրա՝ 6, յուրաքանչյուր գործիքում մեկական ուղեգիր, թիմային պայքարում՝ 8 ուղեգիր:

Աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 8-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում