Բելգիայի Անտվերպեն քաղաքում սեպտեմբերի 30-ին մեկնարկում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը օլիմպիական վարկանիշային է Փարիզ-2024-ի համար:
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 5 մարմնամարզիկով՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչիկյան:
Հայաստանի թիմի բոլոր ներկայացուցիչները աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը վաստակել են աշխարհի գավաթի փուլերում։ Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը կմասնակցեն բազմամարտում, մյուս երեք մարմնամարզիկները կպայքարեն առանձին գործիքներում․ Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափեր, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներ:
Աշխարհի առաջնությունը մարմնամարզիկների համար առաջին վարկանիշային մրցաշարն է Փարիզ 2024-ի համար:
Անտվերպենում խաղարկվելու է 23 ուղեգիր․ բազմամարտում՝ 8 ուղեգիր, առանձին գործիքներ՝ 6 ուղեգիր, թիմային պայքար՝ 9 ուղեգիր:
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կփորձի ուղեգիր նվաճել բազմամարտում: Առանձին գործիքներում ուղեգրեր նվաճելու են ոսկե մեդալակիրները: Եթե այնպես ստացվի, որ ոսկե մեդալակիրը թիմային պայքարում արդեն ունի ուղեգիր, այն կփոխանցվի արծաթե մեդալակրին:
Անտվերպենի մրցահարթակում նախորդ երկու օրերում արդեն անցկացվել են գլխավոր փորձ-մարզումները մրցման դահլիճում: Սեպտեմբերի 30-ին տեղի տեղի կունենա որակավորման փուլը:
Աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 8-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում