Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ամփոփել է Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունը, փոխանցում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
«Եթե խոսենք ընդհանուր մասնակցությունից և մեդալների գույներից ու քանակից՝ գոհ չեմ։ Ուրախալի է նվաճած ուղեգրերի քանակը. Հայաստանն ու Կուբան են ամենաշատ ուղեգրերը նվաճել։ Ամեն ինչ կարող էր ավելի լավ դասավորվել, սակայն ունենք այն, ինչ ունենք։ Առաջ ենք շարժում։ Ի դեպ, ցանականում եմ շնորհակալություն հայտնել U!com Armenia-ին, որն այս առաջնությունում մեզ աջակցել է։ Նման նախաձեռնությունները սպորտում կարևոր են և ողջունելի։
Այժմ ուսումնամարզական 2 հավաքով կնախապատրաստվենք հոկտեմբերի վերջին կայանալիք մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է Ալբանիայում։ Այնուհետև ըմբիշները կնախապատրաստվեն Հայաստանի առաջնությանը»,- նշել է Արմեն Բաբալարյանը։
Հայաստանի թիմը պայքարն աշխարհի առաջնությունում ավարտել է 2 մեդալով եւ 3 օլիմպիական ուղեգրով: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բրոնզե մեդալակիր՝ Մալխաս Ամոյան (77 կգ):
Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը եւ Սլավիկ Գալստյանը։
Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 5-րդն էր։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում