21:14  ,  24 սեպտեմբերի, 2023

ԱԱ. Սլավիկ Գալստյանը պարտվեց օլիմպիական չեմպիոնին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) բրոնզե մեդալ չնվաճեց: Նա կանցկացնի նաեւ օլիմպիական ուղեգրի համար մեկ գոտեմարտ։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիրը 0:7 հաշվով պարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Ռեզա Գերային:

Գորգի մրցավարը նախ պասիվություն տվեց Գալստյանին եւ օլիմպիական չեմպիոնին հնարավորություն տվեց աշխատել վերեւից: Գերային գնաց հնարքի, հարմար բռնվածքով փորձեց գլորել, բայց մրցակցի անկյունը բողոքարկեց: Կողային մրցավարները բավարարեցին բողոքարկումը, Սլավիկ Գալստյանի պաշպանության մեջ խախտում նկատեցին: Հայաստանի ներկայացուցիչը նկատողություն ստացավ եւ եւս մեկ անգամ պարտեր դրություն նստեցրին: Գերային գլորեց, երկու միավոր վաստակեց, բայց նրա մարտավկան նորից բողոքարկեց: Այս անգամ եւս մրցավարները բավարարեցին, Գալստյանը երկրորդ նկատողությունը ստացավ: Հայաստանի ներկայացուցիչի մարտավկան բողոքարկեց մրցավարների որոշումը, բայց Հայաստանի բողոքարկումը չբավարարվեց: Սլավիկ Գալստյանը պարտվեց 0:7 հաշվով եւ եւս երկու նկատողությունով:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է  որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել է Իտալիան ներկայացնող Իգնացիո Սանֆիլիպոյին: 1/16 եզրափակիչում 8:7 հաշվով առավելության է հասել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աֆրիկայի քառակի չեմպիոն, Եգիպտոսի ներկայացուցիչ Մուհամեդ Էլսայեդի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Սլավիկ Գալստյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուրատ Ֆիրադին: Քառորդ եզրափակիչում Գալստյանը մրցել է Պանամերկյան խաղերի արծաթե մեդալակիր, ԱՄՆ ներկայացուցիչ Ալեխանդրո Սանչոյի հետ եւ գոտեմարտի մեկնարկից մեկ րոպե անց 4 գլորումով հաղթանակի հասել 9:0 հաշվով:

Կիսաեզրափակիչում պարտվել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովին:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը պայքարն ավարտեց 2 մեդալով: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բրոնզե մեդալակիր՝ Մալխաս Ամոյան (77 կգ):

Հիշեցնենք, որ Բելգրադում ավարտվող աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն էր: Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը:  Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում