Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երրորդ մրցումային օրվա ավարտին տեղի ունեցավ բրոնզե մեդալի գոտեմարտերում պարտված ըմբիշների պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:
Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) օլիմպիական ուղեգրի համար գոտեմարտում մրցեց Իրանի ներկայացուցիչ Մեհդի Մոհսեն Նեջադի հետ եւ պարտվեց 0:7 հաշվով: 60 կգ քաշային կարգի 5-րդ ուղեգիրը նվաճեց իրանցի ըմբիշը:
2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը Բելգրադի մրցագորգում երեք հաղթանակ տանելուց հետո (9:0, 3:1, 1:1), կիսաեզրափակիչում պարտվել էր օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Ասիայի կրկնակի չեմպիոն Ճապոնիան ներկայացնող Կյենիչիրո Ֆումիտային(1:5): Բրոնզե մեդալի համար գոտեմարտում էլ վերջին երեք վայրկյանում պարտվել էր Չինաստանի ներկայացուցիչ Լիգուո Չաոյին:
Հիշեցնենք, որ Բելգրադում անցկացվող աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն էր: Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը: Հունահռոմեակ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականն արդեն նվաճել է երկու մեդալ: Արթուր Ալեքսանյանը ծանր գոտեմարտում բավարարվեց արծաթե մեդալով, Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալակիր է:
Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մնացին Սլավիկ Գալստյանը եւ Հրաչյա Պողոսյանը:
Սլավիկ Գալստյանը սեպտեմբերի 24-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի եւ կպայքարի նաեւ օլիմպիական ուղեգրի համար, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում