17:23  ,  23 սեպտեմբերի, 2023

ԱԱ. Սլավիկ Գալստյանը հաղթեց 1 րոպե 50 վայրկյանում եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը խնդիրներ չունեցավ նաեւ քառորդ եզրափակիչում:

67 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Գալստյանը մրցեց Պանամերկյան խաղերի արծաթե մեդալակիր, ԱՄՆ ներկայացուցիչ Ալեխանդրո Սանչոյի հետ եւ գոտեմարտի մեկնարկից մեկ րոպե անց 4 գլորում հաղթանակի հասավ 9:0 հաշվով:

Երեկոյան մրցահերթում Սլավիկ Գալստյանը կպայքարի աշխարհի առաջնության եզրափակիչի եւ Փարիզ-2024-ի ուղեգրի համար:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է  որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել է Իտալիան ներկայացնող Իգնացիո Սանֆիլիպոյին: 1/16 եզրափակիչում 8:7 հաշվով առավելության է հասել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աֆրիկայի քառակի չեմպիոն, Եգիպտոսի ներկայացուցիչ Մուհամեդ Էլսայեդի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Սլավիկ Գալստյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուրատ Ֆիրադին:

Աշխարհի առաջնության երրորդ մրցումային պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Հրաչյա Պողոսյանը(63 կգ) եւ Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) պարտվել են:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Պողոսյանը  1/8 եզրափակիչում Բուլղարիան ներկայացնող Աբու Մուսլիմ Ապտիեւիչ Ամաեւին 7:1 հաղթելուց հետո, պարտվեց քառորդ եզրափակիչում:

Մ23 աշխարհի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանը մեկնարկում 5:1 հաշվով առավելության էր հասել կուբացի Դանիել Գրիգորիչ Հեչավարիայի նկատմամբ: 1/16 եզրափակիչում Թադեւոսյանը առաջին մրցափուլում ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել է լիտվացի Մարտինես Նեմեսեւիչյուսին: 1/8 եզրափակիչում  7:4 հաշվով հաղթելիս, տուշեով պարտվեց աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքս Կեսիդիսին:

Շվեդ ըմբիշը պարտվեց քառորդ եզրափակիչում: Գեւորգ Թադեւոսյանը լքեց պայքարը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խացերի ուղեգրեր են արդեն նվաճել Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը:  Հունահռոմեակ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս