Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը չհաղթահարեց քառորդ եզրափակիչի արգելքը:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Պողոսյանը 63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում մրցեց աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ադրբեջանցի Մուրադ Մամադովի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով:
Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող Աբու Մուսլիմ Ապտիեւիչ Ամաեւին:
Քիչ անց քառորդ եզրափակիչում կպայքարի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը: Մրցակիցը Պանամերկյան խաղերի արծաթե մեդալակիր, ԱՄՆ ներկայացուցիչ Ալեխանդրո Սանչոն է:
67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Սլավիկ Գալստյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուրատ Ֆիրադին:
2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիրը մեկնարկել է որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել է Իտալիան ներկայացնող Իգնացիո Սանֆիլիպոյին: 1/16 եզրափակիչում 8:7 հաշվով առավելության է հասել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աֆրիկայի քառակի չեմպիոն, Եգիպտոսի ներկայացուցիչ Մուհամեդ Էլսայեդի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գեւորգ Թադեւոսյանը 1/8 եզրափակիչում 7:4 հաշվով հաղթելիս, տուշեով պարտվեց աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքս Կեսիդիսին:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խացերի ուղեգրեր են արդեն նվաճել Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը: Հունահռոմեակ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում