16:23  ,  23 սեպտեմբերի, 2023

ԱԱ. Գալստյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը հերթական տպավորիչ հաղթանակը տարավ:

67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Մուրատ Ֆիրադին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր մեկնարկել է որակավորման փուլից, որտեղ աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել է Իտալիան ներկայացնող Իգնացիո Սանֆիլիպոյին: 1/16 եզրափակիչում գոտեմարտեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աֆրիկայի քառակի չեմպիոն, Եգիպտոսի ներկայացուցիչ Մուհամեդ Էլսայեդի հետ եւ համառ պայքարում կամային հաղթանակ տարավ 8:7 հաշվով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գեւորգ Թադեւոսյանը 1/8 եզրափակիչում պարտվեց աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքս Կեսիդիսին:

Քիչ անց կմեկնարկի քառորդ եզրափակիչները:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խացերի ուղեգրեր են արդեն նվաճել Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը: Հունահռոմեակ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս