15:12  ,  23 սեպտեմբերի, 2023

ԱԱ. Սլավիկ Գալստյնանը հաղթեց Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակրին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) երկրորդ հաղթանակը տարավ եւ կպայքարի 1/8 եզրափակիչում:

2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիրը 1/16 եզրափակիչում գոտեմարտեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աֆրիկայի քառակի չեմպիոն, Եգիպտոսի ներկայացուցիչ Մուհամեդ Էլսայեդի հետ եւ համառ պայքարում կամային հաղթանակ տարավ  8:7 հաշվով:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը մեկնարկել է որակավորման փուլից, որտեղ աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել է  Իտալիան ներկայացնող  Իգնացիո Սանֆիլիպոյին:

Գեւորգ Թադեւոսյանը երկրորդ հաղթանակն է տարել եւ դուրս եկել  1/8-րդ  եզրափակիչ:

87 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Մ23 աշխարհի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Թադեւոսյանը  առաջին մրցափուլում ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթեց լիտվացի Մարտինես Նեմեսեւիչյուսին:

Թադեւոսյանը մեկնարկում 5:1 հաշվով առավելության էր հասել կուբացի Դանիել Գրիգորիչ Հեչավարիայի նկատմամբ:

Այսօր պայքարի մեջ կմտնի նաեւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ): Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մրցագորգ դուրս կգա 1/8 եզրափակիչից։ Նրա մրցակիցը Բուլղարիան ներկայացնող Աբու Մուսլիմ Ապտիեւիչ Ամաեւն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում