Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը կիսաեզրափակիչում գոտեմարտեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, կրկնակի աշխարհի եւ Ասիայի չեմպիոն, Ճապոնիան ներկայացնող Կյենիչիրո Ֆումիտայի հետ եւ պարտվեց 1:5 հաշվով:
Գոտեմարտի մեկնարկից Ղարիբյանն ակտիվ էր: Առաջին մրցափուլում գորգի մրցավարը նրան պասիվ տվեց եւ նստեցրեց պարտեր: Ճապոնացի ըմբիշը երկու գլորումով հաշիվը դարձրեց 5:0:
Երկրորդ մրցափուլում ճապոնացին պասիվ ստացավ եւ պարտերից աշխատելու հնարավորություն ստացավ Գեւորգ Ղարիբյանը: Եվրոպայի չեմպիոնին հաջողվեց գետնից պոկել մրցակցին, բայց հնարքը ձախողվեց, փորձեց երկրորդ անգամ հարմար բռնվածք անել, բայց գորգի մրցավարը սուլեց եւ կանգնած դրության հրահանգ տվեց:
Արմեն Բաբալարյանին գորգի մրցավարի որոշումը զայրացրեց, քանի որ թույլ չտվեց ավարտին հասցնել հնարքը: Մինչեւ գոտեմարտի ավարտը ճապոնացի ըմբիշը վազեց մրցագորգով՝ խույս տալով Գեւորգ Ղարիբյանի հնարքներից: Արմեն Բաբալարյանը եւս մեկ անգամ բողոքեց, որ մրցակիցը վազում է, բայց Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնին այդպես էլ նկատողություն չտվեցին:
Գեւորգ Ղարիբյանը սեպտեմբերի 23-ին կպայքարի բրոնզե մեդալի եւ օլիմպիական ուղեգրի համար:
Ղարիբյանը պայքարը սկսել է մեկնարկային 1/16 եզրափակիչից, որտեղ 9:0 հաշվով հաղթել է կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին: 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով առավելության է հասել Լեհաստանը ներկայացնող Միխալ Տրաչի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիի հետ եւ կամային հաղթանակ տարել 1:1 հաշվով վերջին միավորի առավելությամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում