Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանից 2 րոպե պահանջվեց հաղթանակի համար։
97 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը մեկ բռնվածքով 4 գլորումով պարտության մատնեց ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուին։ Գոտեմարտն ավարտվեց 9:0 հաշվով։
Ալեքսանյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում 10:4 հաշվով հաղթել էր Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Նիկու Օժոգին։
Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը (60կգ) նույնպես երկրորդ հաղթանակը տարավ։
2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը 60 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում մրցեց Լեհաստանը ներկայացնող Միխալ Տրաչի հետ եւ 3:1 հաշվով առավելության հասավ։ Ղարիբյանը երկրորդ մրցափուլում քթի վնասվածք ստացավ, բայց շարունակեց պահպանել հաշվի մեջ առավելությունը եւ հաղթել։
Մեկնարկային 1/16 եզրափակիչում Ղարիբյանը գոտեմարտեց կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 9:0 հաշվով: Գոտեմարտն ավարտվեց երկրորդ մրցափուլի առաջին կեսում:
Շանթ Խաչատրյանը չի հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը։
Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 3:1 հաշվով զիջեց աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր թուրք Սելչուկ Կանը: Շանթ Խաչատրյանը մեկնարկում 5:1 հաշվով հաղթել էր չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Նարեկ Օհանյանին:
Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի եւ գործրղ չեմպիոն Մալխաս Ամոյանը (77կգ): Մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո։ Մալխաս Ամոյանը կպայքարի նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:
Հունահռոմեականների օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում