Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը եւս մեկնարկեց հաղթանակով:
2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը 60 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում գոտեմարտեց կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 9:0 հաշվով: Գոտեմարտն ավարտվեց երկրորդ մրցափուլի առաջին կեսում:
Երկրորդ մրցումային օրը մրցագորգ դուրս եկած Շանթ Խաչատչյանը նույնպես մեկնարկել է հաղթանակով:
Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 72կգ քաշային կարգի որակավորման փուլում 5:1 հաշվով հաղթեց չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Նարեկ Օհանյանին:
Քիչ անց պայքարը կսկսի Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) պայքարի մեջ կմտնի 1/16 եզրափակիչից, որտեղ կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Նիկու Օժոգի հետ։
Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի եւ գործրղ չեմպիոն Մալխաս Ամոյանը (77կգ): Մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո։ Մալխաս Ամոյանը կպայքարի նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել են։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:
Հունահռոմեականների օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում