17:28  ,  21 սեպտեմբերի, 2023

ԱԱ. Մալխաս Ամոյանը աշխարհի չեմպիոնի նկատմամբ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ (ֆոտո)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը երրորդ վստահ հաղթանակը տարավ եւ երեկոյան կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:

Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:

Առաջին մրցափուլում Մալխաս Ամոյանը միավոր չվաստակեց: Գորգի մրցավարը պասից տվեց եւ վերեւից աշխատելու հնարավորություն տվեց Վիկտոր Նեմեշին: Ամոյանը հրաշալի պաշտպանվեց ներքեւում եւ հնարավորություն չտվեց սերբ մրցակցին հնարք կատարել: Առաջին մրցափուլի ավարտին Ամոյանին հաջողվեց երկու միավորանոց գցում կատարել: Սերբ ըմբիշի մարտավկան բողոքարկեց: Մրցավարները բավարարաեցին բողոքարկումը եւ երկու միավորը հանեցին Ամոյանի հաշվից: Մրցակիցները գնացին հանգստի 1:0 հաշվով Նեմեշի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց սերբ ըմբիշին: Ամոյանը պարտերում գեղեցիկ գլորում հաշիվը դարձրեց 3:1: Մինչեւ գոտեմարտի ավարտը Եվրոպայի կրկնակի չեմպիոնը Նեմեշին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց:

Կիսաեզրափակիչում Ամոյանի մրցակիցը աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովն է: Ամոյանը ադրբեջանցի Սուլեյմանովի հետ մրցել է 2022 թվականի Եվրոպայի առաջնությունում, որտեղ առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն 77 կգ քաշային կարգում: Հայաստանի ներկայացուցիչը ԵԱ քառորդ եզրափակիչում Սուլեյմանովին հաղթել է 6:5 հաշվով:

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչիչ, որտեղ կրկին ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության է մատնել Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասին: 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 9:1 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջոնի Բարի նկատմամբ:

Մալխաս Ամոյանն ու Վիկտոր Նեմեշը մրցագորգում հանդիպում էին երրրորդ անգամ: Նախորդ երկու հանդիպումներում էլ հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը:

Առաջին մրցավեճը տեղի է ունեցել 2022 թվականին աշխարհի առաջնությունում, որտեղ Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:1 հաշվով տպավորիչ հաղթանակի է հասել եւ 77 կգ քաշային կարգում դարձել աշխարհի բրոնզե մեդալակիր:

Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել այս տարի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցացված Եվրոպայի առաջնությունում: 77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը հաղթանակի է հասել վերջին վայրկյաններում: Գոտեմարտի ավարտից 7 վայրկյան առաջ Ամոյանը ցատկով գլորել է Նեմեշին եւ հաղթել 6:4 հաշվով՝ հռչակվելով Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Աշխարհի առաջնությունում առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները պարտվել են: 

Եվրոպայի բրոնզե մեդալակիրը (55 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում 0:8 հաշվով զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունին: Թուրք ըմբիշը պարտվել է քառորդ եզրափակիչում, Ռուդիկ Մկրչյանը լքել է պայքարը:

Աշխարհի Մ23 փոխչեմպիոն Դավիթ Օվասապյանը (130 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո(8:0), չի հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը, որտեղ պարտվել է աշխարհի փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի հնգակի չեմպիոն, կուբացի Օսկան Պինո Հինդսին (1:4) :

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պարտվել է որակավորման փուլում: Նրան հաղթած գերմանացի ըմբիշը եւս պարտվեց: Մաքսիմ Մանուկյանը լքեց պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում