Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը չի կարողացել մեկնել Իսրայել՝ մասնակցելու սեպտեմբերի 21-ին Իսրայելի Ռիշոն լե Ցիոն քաղաքում նախատեսված ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի Իսրայել - Հայաստան հանդիպմանը: Պատճառը սեպտեմբերի 20-ին նախատեսված ինքնաթիռային մի շարք չվերթների չեղարկումն է:
ՀՖՖ-ն տեղյակ է պահել ՈւԵՖԱ-ին, որ հաջորդ չվերթը, որով կանանց Հայաստանի ազգային հավաքականը կարող էր մեկնել մրցավայր, նախատեսված է հանդիպման օրը, ինչը հնարավորություն չէր տա մեր թիմին պատշաճ կերպով պատրաստվել հանդիպմանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Իր հերթին, Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել էր ՈւԵՖԱ-ին, որ, հաշվի առնելով Էստոնիայի հավաքականի հետ իրենց հաջորդ հանդիպման անցկացման ժամկետը, Իսրայել - Հայաստան հանդիպումը չի կարող տեղի ունենալ սեպտեմբերի 22-ին:
Նկատի ունենալով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ ՈւԵՖԱ-ն ընդունել է Իսրայել - Հայաստան հանդիպումը հետաձգելու որոշում:
Իսրայել - Հայաստան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, իսկ նախապես նոյեմբերի 30-ին նշանակված Հայաստան - Իսրայել հանդիպումը՝ նոյեմբերի 29-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում