13:50  ,  18 սեպտեմբերի, 2023

ԱԱ․ Արսեն Հարությունյանի գեղեցիկ հաղթանակը՝ 10:0 (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։ Նա սփոփիչ գոտեմարտում 10:0 հաշվով հաղթել է չինացի Վանհաո Ժոուին եւ կանցկացնի բրոնզե մեդալի գոտեմարտ Ղազախստանի ներկայացուցիչ Մեյրամբեկ Կարթբայի հետ։

57 կգ-ն օլիմպիական քաշային կարգ է եւ բրոնզե մեդալ նվաճելու դեպքում Արսեն Հարությունյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր: Բրոնզե մեդալի գոտեմարտում պարտվելուց հետո էլ եւս մեկ գոտեմարտի հնարավորություն կստանան պարտված ըմբիշները օլիմպիական ուղեգրի համար:

Հայաստանի հավաքանի առաջատարը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ  14:3 հաշվով էլ հաղթել էր Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովին։

1/16 եզրափակիչում ժամանակից շուտ 14:2 հաշվով տպավորիչ հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Սիմոնե Պիրոդուին։

1/8 եզրափակիչում 11:0 հաշվով ժամանակից շուտ պարտության էր մատնել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին։

Քառորդ եզրափակիչում համառ պայքարում Հարությունյանը 14:16 հաշվով պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Ասիայի չեմպիոն ճապոնացի Ռեյ Հիգուչիին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 57 կգ, 65 կգ, 74 կգ, 86 կգ, 97 կգ եւ 125 կգ:

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս