17:02  ,  16 սեպտեմբերի, 2023

ԱԱ. Արման Անդրեասյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ:

70 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց Ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր,  Ճապոնիայի ներկայացուցիչ Յոշինոսուկի Աոյագիի հետ եւ գերլարված պայքարում, դիտարժան գոտեմարտում հաղթեց 5:2 հաշվով:

Առաջին մրցափուլում Անդրեասյանը պարտվում էր 0:1 հաշվով պասիվության շնորհիվ: Երկրորդ մրցափուլում ճապոնացի մրցակիցը եւս պասիվություն ստացավ եւ մրցակիցների հաշիվները հավասարվեցին: Ճապոնացի ըմբիշին հաջողվեց եւս երկու միավոր ավելացնել իր հաշվին, Արման Անդրեասյանին՝ 1 միավոր: Գոտեմարտի ավարտից 15 վայրկյան առաջ Անդրեասյանը 4 միավորանոց գցում կատարեց, բայց գորգի մրցավարը 2 միավոր հաշվեց: Յոշինոսուկի Աոյագիի մարզիչը չելենջ գցեց, բայց կողային մրցավարները չբավարարեցին: Գոտեմարտն ավարտվեց 5:3 հաշվով Արման Անդրեասյանի տպավորիչ հաղթանակով:

1/8 եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը 5:2 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելիին:

Մեկնարկում 4:1 հաշվով պարտության էր մատնել Չինաստանի ներկայացուցիչ Նան Կաոյի հետ: 

Արման Անդրեասյանը հանդես է գալիս ոչ օլիմպիական քաշային կարգում:

Սեպտեմբերի 16-ին մրցագորգ դուրս եկած Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը որակավորման փուլում 0:5 հաշվով պարտվել է չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող բելառուս Անդրեյ Բեկրենեւին:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաեւ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ),  Հրայր Ալիխանյանը  (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) եւ Սերգեյ Սարգսյանը (97 կգ):

ԱԱ-ն Փարիզ 2024-ի համար վարկանիշային է։

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 57 կգ, 65 կգ, 74 կգ, 86 կգ, 97 կգ եւ 125 կգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English