21:40  ,  12 օգոստոսի, 2023

Արթուր Սողոմանյան․ Երբ թռնում էինք Բուդյոյից, օդանավի շարժիչի մեջ թռչուն ընկավ

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում արտակարգ վայրէջք կատարելուց հետո օգոստոսի 12-ին ուշ երեկոյան կժամանի Երեւան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի փոխչեմպիոնին Նորվեգիայից Հայաստան տեղափոխող օդանավը շարժիչի անսարքության պատճառով օգոստոսի 11-ին արտակարգ վայրէջք էր կատարել Օսլոյում: Արթուր Սողոմոնյանի խոսքով, թիմը փոխել է օդանավը եւ այսօր կժամանի Երեւան:

«Թիմն այսօր կժամանի Երեւան նոր վարձած օդանավով: Ստիպված նոր օդանավ վարձեցինք, քանի որ այն օդանավը լիարժեք վերանորոգելու համար կպահանջվեր 3-4 օր: Մենք ուրիշ օդանավ պատվիրեցինք եւ այսօր ֆուտբոլիստները երեկոյան կլինեն Երեւանում: Հուսով եմ՝ ժամանակին կհասնեն: Ես այս պահին թիմի հետ չեմ, Օսլոյից մեկնել եմ Բարսելոնա: 

Երբ թռնում էինք Բուդյո քաղաքից, օդանավի շարժիչի մեջ թռչուն ընկավ: Մի քիչ վախենալու էր: Լավ էր, որ օդանավի անձնակազմը շատ պրոֆեսիոնալ էր, արագ կողմոնորշվեցին, թե ինչ պետք է անել: Արտակարգ իրավիճակ էր եւ, այդ պարագայում չէր կարելի օդանավը նստեցնել, նաեւ չէր կարելի թռիչքը շարունակել: Նրանք արագ որոշում կայացրին մեզ հասցնել մինչեւ Օսլո, մեկ ժամ թռիչէ էր: Մայրաքաղաքի օդանավակայանում կարողացան նստեցնել օդանավը: Այնտեղ հյուրանոց վարձեցինք եւ ամբողջ թիմը մնաց Օսլոյում: Այստեղ օդանավը տեխզննում անցավ եւ պարզվեց, որ վնասվածությունը շատ է, իսկ վերանորոգելու համար 3-4 օր ժամանակ կպահանջվի:

Մենք ֆեդերացիային տեղեկացրինք արտակարգ իրավիճակի մասին եւ խնդրեցինք Հայաստանի առաջնության երրորդ տուրի «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը հետաձգել, քանի որ չգիտեինք՝ հստակ քանի օր կմնանք այնտեղ: Այս շրջանում դժվար է օդանավ գտնել վարձակալության համար, այդ պատճառով չէինք կարող հստակ օր նշել, թե երբ թիմը կլինի տանը:  Այս հարցում մեզ օգնության հասան բուլղարացիները, մեզ համար գտան օդանավ եւ այսօր թիմը ուղեւորվեց Երեւան:

Գիշերով էինք թռնում: Խաղից հետո միանգամից որոշեցինք վերադառնալ, որպեսզի հասցնենք պատրաստվել հաջորդ խաղին: Որոշեցինք, որ տղաները կհանգստանան օդանավի մեջ, մինչեւ կժամանենք Երեւան: Միջադեպը տեղի ունեցավ օդ բարձրանալիս: Օդանավը թափ տվեց: Հայտարարեցին, որ ստիպված են դադարեցնել Բուդյո - Երեւան  թռիչքը: Սկզբում Բուդյոյի օդանավակայանի շուրջն էին պտտվում, ցանկանում էին նույն օդանավակայանում վայրէջք կատարել, բայց հետո որոշեցին հասնել մինչեւ Օսլո, քանի որ այստեղ տեխզննման բազա կար: Իսկ արդեն այնտեղ մեզ ասացին, որ օդանավը լուրջ վնասներ է կրել եւ վերանորոգում է պահանջվում:

Իսկապես վախենալու էր, տղաները լարվեցին, վթարային իրավիճակում էինք: Շնորհակալ եմ, որ մեր օդանավը սպասարկում էր շատ փորձառու անձնակազմ:

Ինչ վերաբերում է «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հետաձգված հանդիպմանը,  անցկացման օրը դեռ որոշված չէ»,- ասաց Արթուր Սողոմոնյանը:

«Փյունիկը» Նորվեգիայում անցկացրել էր Կոնֆեդերացիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը «Բուդյո-Գլիմտի» հետ եւ պարտվել 0:3 հաշվով:

Հայաստանի առաջնության երրորդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը նախատեսված էր անցկացնել օգոստոսի 14-ին:

 «Բուդյո-Գլիմտի» հետ պատասխան խաղը Երեւանում տեղի կունենա օգոստոսի 17-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս