16:14  ,  10 հունիսի, 2023

Լաուտարո Մարտինես․ Հավատում ենք, որ կարող ենք նվաճել ՉԼ-ի գավաթը

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը հավատում է, որ իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կկարողանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթել Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին»։

«Չեմպիոնների լիգայի եւ աշխարհի առաջնության եզրափակիչները ֆուտբոլային աշխարհի երկու կարեւորագույն իրադարձություններն են։ Համազգեստը փոխվում է, զգացմունքները մնում են նույնը։ Մենք եզրափակիչում ենք մեր ջանքերի եւ տանջանքի շնորհիվ։

Գիտենք, որ «Մանչեսթեր Սիթին» շատ բարդ մրցակից է, նրանք ունենք բազմաթիվ բարձրակարգ խաղացողներ, նաեւ թիմային հրաշալի խաղ են ցուցադրում, բայց մենք լավ ենք պատրաստվել այս խաղին եւ հույս ունենք, որ ամեն ինչ հրաշալի կստացվի։

Մենք հավատում ենք, որ կարող ենք նվաճել այս գավաթը եւ վերադարձնել Միլան 13 տարի անց։ Սա մեծ երազանք է եւ պետք է առավելագույնը ցուցադրենք այն իրականություն դարձնելու համար»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

2010 թվականին «Ինտերը» Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ։

«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում