12:04  ,  10 հունիսի, 2023

Դե Բրույնե․ «Ինտերը» շատ լավ է պաշտպանվում, չենք սպասում բաց խաղ

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում չի սպասում բաց խաղ եւ շատ գոլեր։

«Անհավանական 8 տարի եմ անցկացրել «Մանչեսթեր Սիթիում», շատ վառ պահեր եմ ունեցել, բայց դեռ չենք կարողացել նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Զգում եմ, որ կայուն ենք խաղում այս մրցաշարում եւ պետք է պարզապես հաղթել եւս մեկ խաղում։ Դա կլինի մեծագույն հաջողություն խաղացողների, ակումբի եւ երկրպագուների համար։

Գիտենք, թե ինչ թիմ է «Ինտերը», ինչ ֆուտբոլ են խաղում, ինչ ներուժ ունեն։ Նրանք սովորաբար խաղում են 3-5-2 կամ 5-3-2 դասավորությամբ՝ երկու հարձակվողներով եւ ակտիվ պաշտպաններով։ «Ինտերը» շատ լավ է պաշտպանվում, չենք սպասում բաց խաղ։ Պետք չէ նյարդայնանալ այդ պատճառով։ Սկզբում գոլային պահեր քիչ կլինեն։ Մենք պետք է ձգտենք ցուցադրել եւ թելադրել մեր խաղը»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում