23:09  ,  9 հունիսի, 2023

Չանչարեւիչ․ Իմ հնարավորությունների չափով ամեն ինչ կանեմ, որ Հայաստանի հավաքականն ավելի ուժեղանա

Շնորհակալ եմ Հայաստանի հավաքականի անդամներին այս ջերմ ընդունելության համար: Իմ հնարավորությունների չափով ամեն ինչ կանեմ, որ Հայաստանի հավաքականն ավելի ուժեղանա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորեկ, «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը:

Հունիսի 9-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց երկրպագուների համար՝ պատրաստվելով Ուելսի հավաքականի հետ Եվրո-2024-ի ընտրական խաղին: Մարզմանը մասնակցում էր նաեւ առաջին անգամ հավաքական հրավիրված դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը:

«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ, հրավիրվել եմ Հայաստանի հավաքական եւ հնարավորություն ունեմ իմ փորձով օգտակար լինել թիմին: Առաջին տպավորություններս շատ մեծ են: Հայաստանի հավաքականն ունի շատ փորձառու ֆուտբոլիստներ, նաեւ երիտասարդներ, շատ են նաեւ նոր խաղացողները, որոնց հետ դեռ պետք է ծանոթանամ:

Կարծիքս միայն դրական է հավաքականի մասին: Ինձ շատ ջերմ ընդունեցին թիմում, ասես՝ միասին արդեն մի քանի անգամ խաղացած լինենք: Առաջին մարզումներից ինձ օգնել են, խորհուրդներ տվել: Միայն կարող եմ շնորհակալություն հայտնել թիմին այս ջերմ ընդունելության համար:

Արդեն զրուցել եմ գլխավոր մարզիչի հետ: Նա նույնպես ինձնից ակնկալում է, որ ես կկարողանամ օգնել հավաքականին իմ փորձով, լինել առաջատար խաղադաշտում, հանդերձարանում: Կփորձեմ այդ սպասելիքներն արդարացնել, օգնել երիտասարդ եւ նոր ֆուտբոլիստներին հեշտ հարմարվել թիմին: Իմ հնարավորությունների չափով ամեն ինչ կանեմ, որ Հայաստանի հավաքականն ավելի ուժեղանա:

Առաջիկա մրցակիցներից կառանձնացնեմ Ուելսի հավաքականին: Այն ամենաբարդ մրցակիցն է իր համար տնային խաղերում: Մենք կգնանք այնտեղ պայքարելու, 3 միավոր վաստակելու նպատակով: Եթե նույնիսկ 1 միավորով վերադառնանք այդ խաղից, լավ կլինի:

Մեծ սպասելիքներ ունեմ Լատվիայի հետ մեր տնային խաղից: Մեծ հույս ունեմ, որ երկրպագուների աջակցությամբ շատ լավ խաղ կանցկացնենք եւ կվաստակենք երեք միավոր:

Հայաստանի հավաքականի դարպասապահներին բոլորին ճանաչում եմ: Հրաշալի գիտեմ Արսեն Բեգլարյանին, մենք միասին եղել ենք «Ալաշկերտում», երբ ես առաջին անգամ եկա Հայաստան: Ստանիսլավ Բուչնեւի հետ ծանոթ եմ եղել ավելի վաղ: Երկուսին էլ շատ հարգում եմ, բայց ինչպես բոլորը, պայքարելու եմ, որ լինեմ առաջինը դարպասապահների կազմում: Այս մրցակցությունը մեզ ավելի կուժեղացնի, մեզնից ամենաուժեղը կկանգնի դարպասին»,- ասաց Օգնյեն Չանչարեւիչը: 

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Հայաստանի թիմը հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի հավաքականին: Հունիսի 19-ին Երևանում Հայաստանի թիմը կխաղա Լատվիայի հավաքականի հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով