22:11  ,  9 հունիսի, 2023

Ստյոպա Մկրտչյան․ Մեր խմբում բոլոր հավաքականները շատ ուժեղ են

«Արարատ-Արմենիայից» ԲԿՄԱ տեղափոխությունն ինձ համար քայլ առաջ էր: Ես այնտեղ ինձ լավ էի զգում, բայց ԲԿՄԱ-ում ավելի լավ եմ զգում: Այստեղ շատ խաղաժամանակ ունեմ եւ լավ մարզավիճակ եմ ձեռք բերել: Պատրաստ եմ ազգային հավաքականի առաջիկա խաղերին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Երեւանի ԲԿՄԱ-ի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը:

20-ամյա ֆուտբոլիստին ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրավիրվել է հավաքական եւ թիմի հետ պատրաստվում է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջիկա երկու խաղերին:

Հիշեցնենք, որ Ստյոպա Մկրտչյանն այս տարվա փետրվարին  է «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել ԲԿՄԱ:

«ԲԿՄԱ տեղափոխվելուց հետո արդեն հասցրել եմ բավականաչափ խաղաժամանակ ստանալ: Մարզավիճակս կգնահատեմ լավ, պատրաստ եմ առաջիկա խաղերին: Կփորձենք լավագույնս անել:

Ես դիտել եմ մեր առաջիկա մրցակիցների խաղերը: Ուելսը եւ Լատվիան շատ լավ հավաքականներ են: Մեր խմբում բոլոր հավաքականները շատ ուժեղ են: Մենք վստահ ենք, որ կարող ենք այս հավաքականների դեմ մրցել եւ հաղթել նրանց:

Ինձ համար միշտ հաճելի է հավաքական հրավիրվելը: Միշտ մեծ հետաքրքրությամբ եւ հաճույք եմ մարզվում՝ ով էլ լինի մեր մարզիչը: Կապառոսի մարզումներին երբեք չեմ ձանձրացել, հիմա էլ նույնն է նոր մարզիչի գլխավորությամբ: Երբ հրավիրվում ես հավաքական, ինչ  մարզում էլ լինի, պետք է առավելագույնն անես եւ հաճույք ստանաս դրանից:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր թիմում փորձում է լավագույնս հանդես գալ, որպեսզի հավաքականում իր տեղը զբաղեցնի, խաղա: Չեմ կարող ասել, թե մարզիչն ինչ որոշում կկայացնի, բայց վստահ եմ, որ բոլոր ֆուտբոլիստները, որոնք հրավիրվել են հավաքական, պետք է այս երկու խաղերում խաղան:

«Արարատ-Արմենիայից» «ԲԿՄԱ» տեղափոխությունն ինձ համար քայլ առաջ էր: Այնտեղ էլ էի խաղաժամանակ ստանում, բայց ԲԿՄԱ-ում դրական արդյունքներն առավել են: Գրեթե բոլոր խաղերում դրական արդյունքներ ենք ապահովել: «Արարատ-Արմենիայի» մասին միայն կասեմ՝ շնորհակալ եմ: Ես այնտեղ էլ էի ինձ լավ զգում, բայց ԲԿՄԱ-ում ինձ ավելի լավ եմ զգում:

Չեմ կարող համեմատականներ տանել Ալեքսանդր Պետրակովի եւ Խոակին Կապառոսի միջեւ: Պետրակովի հետ դեռ մեկ ամբողջական հավաք եմ անցրացրել Կապառոսի հետ մեկ տարուց ավելի եմ աշխատել: Երկուսն էլ շատ լավ մարզիչներ են, շատ պրոֆեսիոնալ: Ոճային առումով չէի ասի, թե տարբերությունը շատ մեծ է»,- ասաց Ստյոպա Մկրտչյանը: 

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Հայաստանի թիմը հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի հավաքականին: Հունիսի 19-ին Երևանում Հայաստանի թիմը կխաղա Լատվիայի հավաքականի հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում