21:46  ,  9 հունիսի, 2023

World Challenge Cup․ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը դուրս եկան եզրափակիչ

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը  Խորվաթիա Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում եւս մեկ գործիքի եզրափակիչ է դուրս եկել։

World Challenge Cup-ի երկրորդ  մրցումային օրն անցկացվեց հենացատկի եւ օղակների վարժության որակավորման փուլերը, որոնց Հայաստանի հավաքականից մասնակցեցին Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը:

Հենացատկի վարժությունում այս վարժության աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը վաստակեց 14,675 միավոր եւ դուրս եկավ եզրափակիչ։

Օղակների վարժությունում եզրափակիչ դուրս եկան Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը: Նախորդ՝ Վառնայի World Challenge Cup-ի օղակների վարժության ոսկե մեդալակիր Արթուր Ավետիսյանը վաստակեց 14,800 միավոր: Մարզական կարիերայում տեւական դադարից հետո մրցահարթակ վերադարձած Արթուր Թովմասյանը որակավորման փուլը հաղթահարեց 13,750 միավորով:

Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը 4 մասնակցով Խորվաթիայի մրցաշարում կունենա  եզրափակիչի 6 մասնակից:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը մրցումային առաջին օրը եզրափակիչ էր դուրս եկել նաեւ նժույգ թափեր եւ զուգափայտ վարժություններում եւ հունիսի 10-11-ին կմասնակցի 3 եզրափակիչների։

Նժույգ թափերի եզրափակիչում մեդալի համար կպայքարի նաեւ Գագիկ Խաչիկյանը:

Սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի հավաքականի միակ ներկայացուցիչ Մանե Պողոսյանը երկրորդ մրցումային օրը մասնակցեց նաեւ հավասարակշության գերան եւ ազատ վարժությունների որակավորման փուլերին, բայց չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: Հավասարակշռության գերան վարժությունում վաստակեց 10,466 միավոր, ազատ վարժություններում՝ 11,400 միավոր: բայց  չհաղթահարեց հենացատկի վարժության որակավորման փուլը։

Եզրափակիչները տեղի կունենան հունիսի 10-ին եւ 11-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում