21:29  ,  9 հունիսի, 2023

Կամո Հովհաննիսյան․ Բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք առաջիկա 2 խաղերին

Թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում, բոլորս միմյանց կարոտած ենք վերադարձել հավաքական, բարձր տրամարդությամբ պատրաստվում ենք առաջիկա երկու խաղերին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի եւ Ղազախստանի «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյան:

Հունիսի 9-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց երկրպագուների համար՝ պատրաստվելու Ուելսի հավաքականի հետ խաղին: Մարզմանը մասնակցում էր նաեւ Կամո Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականի պաշտպանը թիմին է միացել հունիսի 8-ին:

«Այսօր անհատական մարզում էի անցկացնում, քանի որ մի քանի օր առաջ եմ խաղ ունեցել իմ ակումբում եւ նոր եմ միացել թիմին: Արդեն վաղվա մարզումներից հավաքականի հետ կմարզվեմ:

Թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում, բոլորս միմյանց կարոտած ենք վերադարձել հավաքական, բարձր տրամադրությամբ մարզում ենք անցկացնում եւ այս նույն տրամադրությամբ կպատրաստվենք առաջիկա երկու խաղերին:

Ուելսի եւ Լատվիայի հավաքականների հետ հանդիպումներից սպասում ենք լավ խաղ: Ինչ կարող ենք, պետք է ներդնենք խաղադաշտում: Բոլորս խաղում ենք, որպեսզի հաղթենք: Դեռ չենք հասցրել լիարժեք ուսումնասիրել մրցակիցներին: Յուրաքանչյուրս մեր չափով հետեւել ենք այս երկու հավաքականների նախորդ հանդիպումներին: Դեռ ժամանակ ունենք եւ կվերլուծենք մեր մրցակիցներին: Ինձ այժմ հարմար է աջ եզրում հանդես գալը: Ով էլ հանդես գա ցանկացած դիրքում, պետք է ամեն ինչ անի, որ հաղթանակի հասնի: Մեծամասամբ  հանդես եմ եկել աջ եզրից, իմ ակումբում էլ վերջին երկու խաղերում խաղում եմ միայն աջ եզրում:

Մարզիչը նոր է, կարելի է ասել: Այս հավաքը սկսել ենք մի քանի օր շուտ, ինչ իր օգուտն է ունենալու: Պետրակովն ավելի շատ ժամանակ կունենա իր մտքերը մեզ հաղորդելու համար: Նրա հետ միասին ամեն ինչի վրա աշխատում ենք՝ տակտիկա, ֆիզիկական պատրաստվածություն»,- ասաց Կամո Հովհաննիսյանը:

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Հայաստանի թիմը հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի հավաքականին: Հունիսի 19-ին Երևանում Հայաստանի թիմը կխաղա Լատվիայի հավաքականի հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում