21:05  ,  9 հունիսի, 2023

Ինձագի․ Վաղը բոլորս միասին կձգտենք սխրանք գործել

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի եզրափակիչի նախախաղային ասուլիսում խոսել է Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դիմակայությունից իր սպասելիքների մասին։

«Անհամբեր սպասում ենք եզրափակիչին։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում ծանր աշխատանքի գնով հասել ենք այս խաղին եւ ցանկանում ենք վայելել ամեն վայրկյանը։ Մտադիր ենք առավելագույնը ցուցադրել եզրափակիչում։

Նորմալ է, որ ֆավորիտ է համարվում «Մանչեսթեր Սիթին», քանի որ հիմա նրանք աշխարհի ուժեղագույն թիմն են, բայց եզրափակիչում ամեն ինչ կվճռվի 11-ը 11-ի դեմ պայքարում։ Ֆանտաստիկ մրցաշրջան ենք ունեցել եւ մտադիր ենք բացել մեր ամենաուժեղ խաղաթղթերը։

Մեր թիմում հավաքվել են տարբեր եզրափակիչների մասնակցած ֆուտբոլիստներ։ Պետք է խաղանք կրքոտ սրտով եւ սառը մտքով։ Կպահանջվի առավելագույն կենտրոնացում, քանի որ կլինեն բարդ պահեր։

Հպարտ ենք, որ հասել ենք եզրափակիչ եւ կանենք ամեն ինչ, որպեսզի ցուցադրենք մեր լավագույն խաղը։ Վաղը կանցկացնենք մեր 57-րդ հանդիպումն այս մրցաշրջանում։ Այս հանդիպումը կտարբերվի նախորդ 56-ից։ Մրցաշրջանի ընթացքում ունեցել ենք բարդ պահեր, որոնց շնորհիվ առաջադիմել ենք։ Խելահեղ ջանքեր ենք գործադրել։ Դրանց շնորհիվ հասել ենք Ստամբուլ։ Վաղը կպայքարենք խաղադաշտի ամեն միլիմետրի համար։

Կիսապաշտպանության գործողությունները շատ կարեւոր կլինեն, բայց ես կարծում եմ, որ ավելի կարեւոր կլինի յուրաքանչյուրի ոտքերը, միտքն ու սիրտը։ Ոտքերն անհրաժեշտ են վազելու համար, միտքը՝ ողջամիտ լինելու, սիրտը՝ էներգիա գտնելու համար, երբ կթվա, որ արդեն ոչ մի ուժ չկա։ Միասնությունն է մեզ բերել այստեղ։ Բոլորս միասին կձգտենք սխրանք գործել»,- Ինձագիի խոսքը մեջբերում է  Sky Sport Italia-ն։

«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում