Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ֆավորիտ է համարում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
«Մենք դուրս ենք եկել եզրափակիչ, որի մասին բոլորս միասին երազում էինք։ Առանցքային բառը կլինի «միասինը», քանի որ մենք միասին կատարեցինք մի բան, որը համարվում էր գրեթե անհավանական։ Դրան հասանք նաեւ մեր երկրպագուների հետ միասին։ Բոլորս միասին ապացուցեցինք, որ ոչ մի անհնար բան չկա։
Եզրափակիչում շատ ծանր կլինի։ Մենք ֆավորիտ չենք, բայց ֆուտբոլը հենց դրանով էլ հիասքանչ է։ Կձգտենք շատ լավ պատրաստվել։ Չենք փոխի մեր խաղային մոտեցումները։ Որոշ հատվածներում կփորձենք ավելի ակտիվ գրոհել, որոշ հատվածներում կպաշտպանվենք»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում