11:03  ,  3 հունիսի, 2023

Եղիշե Մելիքյան․ Օրենքի կոպիտ խախտումներով ֆեդերացիան չեմպիոնությունը տվեց «Ուրարտուին»

Ֆուտբոլի Հայաստանի անցած տարվա չեմպիոն, ընթացիկ առաջնությունում երկրորդ տեղը գրաված Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը քննադատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։

Նախավերջին տուրում «Փյունիկը» 0:1 հաշվով պարտվեց «Ուրարտուին», որը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

«Շնորհավորում եմ Արմեն Մելիքբեկյանին, որովհետեւ իրենց ծրագիրը աշխատեց։ 5 փաստ ունեմ, որ մեզ խանգարել են չեմպիոն դառնալ։ Մեր թիմը ոգի ունի, ճիշտ է աշխատում, ուղղակի մեր թիմը ի վիճակի չէ իր ռեսուրսներով պայքարել համակարգի դեմ։

Կարմիր քարտի որակազրկման համար ֆեդերացիան չհանեց 3 միավորը՝ մենք այսօր չեմպիոն չդարձանք։ Մենք այդ 3 միավորի կարիքը շատ ունեինք։ Խնդրեցինք հետաձգել հանդիպումներ, բայց չհետաձգեցին։

Օրենքի կոպիտ խախտումներով ֆեդերացիան չեմպիոնությունը տվեց «Ուրարտուին»:

Ես պատրաստ եմ իրենց բոլոր հարցերին պատասխանել, բայց իրենք պատրաստ չեն իմ հարցերին պատասխանել։

Համակարգտ միայն մեկ ուղղութամբ չեն փակում մեզ, «բլոկ» են դնում․ երբ ուզում եմ գնամ «Վիվարո» խոսել, չեն թողնում, ուզում եմ գնալ Հանրային, չեն թողնում։ Ես ազատ խոսքի իրավունք չունեմ։ Ուզում եմ իմ խոսքն ասել, չեն թողնում։

Մենք ենք տերը մեր ֆուտբոլի։ Մարդիկ այդ պաշտոններում գալու են գնան, մենք ենք մնացողը, մենք պետք է պայքարենք ֆուտբոլի, արդարության համար։ Ես չեմ տխրել, որ չեմպիոն չենք դարձել։ Շնորհակալ եմ մեր ֆուտբոլիստներին աշխատանքի եւ պայքարի համար։

Անցած տարի դարձանք չեմպիոն, այս տարի ոչ, կարևորը մենք ճիշտ ուղու վրա ենք։ Շուտով եվրագավաթներում կխաղանք, ու կտեսնենք, թե որ թիմն ինչպես հանդես կգա ու կներկայացնի մեր երկիրը»,- նշել է Եղիշե Մելիքյանը։

«Փյունիկը» կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում