09:04  ,  1 հունիսի, 2023

Արմեն Բաբալարյան․ Մաքսիմ Մանուկյանն ապացուցեց, որ ըմբշամարտում չկա տարիք, կա միայն ցանկություն

Բենուր Փաշայանի հուշամրցաշարը ծառայեց իր նպատակին։ Ինձ եւ մարզչական շտաբի համար փոփոխություններ տեղի ունեցան։ Մաքսիմ Մանուկյանը միշտ եղել է  հավաքականի լիդերներից մեկը։ Նա եւս մեկ անգամ ապացուցեց, որ ըմբշամարտում չկա տարիք, կա միայն ցանկություն։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հումահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Մայիսի 30-31-ը Երեւանում անցկացված Բենուր Փաշայանի հուշամրցաշարում Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը նվաճեց 3 ոսկե, 4 արծաթե եւ 9 բրոնզե մեդալներ։ Ոսկե մեդալակիրներ դարձան Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (82 կգ)։

 «Մրցաշարում ունեինք բացականեր։ Վնասվածքի պատճառով չէր մասնակցում Հրաչյա Պողոսյանը, ազատված էին Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը։ 6 երկիր էր մասնակցում, բայց ունեինք մասնակցության մեծ թիվ։ Այս պարագայում քանակն է տալիս որակ։ Արդյունքները հաստատեցին դա:

Որոշ քաշային կարգերում ունենք խնդիրներ։ Օրինակ՝ 87 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռուսաստանի ներկայացուցիչներ էին, աշխարհի չեմպիոն եւ մրցանակակիր։ Մեր տղաները պարտվել էին հենց նրանց եւ զբաղեցրել երրորդ տեղը։ Այսինքն՝ այս քաշային կարգում մենք շատ աշխատանք ունենք անելու։

Ընդհանուր մրցաշարը ծառայեց իր նպատակին, շատ ուժեղ մրցաշար ստացվեց։ Ինձ եւ մարզչական շտաբի համար եղան նորություններ, տեղի ունեցան փոփոխություններ», - ասաց Արմեն Բաբալարյանը։

Անդրադառնալով մրցագորգ վերադարձած եւ հուշամրցաշարում ոսկե մեդալ նվաճած Մաքսիմ Մանուկյանին, հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի վերադարձը սպասված էր, քանի որ նա չէր հեռացել ըմբշամարտից: Արմեն Բաբալարյանը նաեւ հավելեց, որ ըմբիշի ցանկության դեպքում, նրան կտրվի հնարավորութուն պայքարել օլիմպիական քաշային կարգում: 

«Նախ ասեմ, որ Մաքսիմ Մանուկյանը սպորտից չէր հեռացել: Նա միշտ զբաղվել է ըմբշամարտով: Որքան ես նրա հետ հեռախոսազրույց եմ ունեցել, իրեն տեսել եմ ըմբշամարտի դահլիճում: Մաքսիմի արդյունքներն այս մրցաշարում ցույց տվեցին նրա որակները: Եզրափակիչում կամային հաղթանակ տարավ: Միշտ ասում էին, որ Մաքսիմը հոգնում է, տարիքով է: Նա եւս մեկ անգամ ապացուցեց, որ սպորտում տարիք չկա: Կա միայն ցանկություն եւ վերջ: Նա ուներ ցանկություն, հնարավորություն եւ հաղթեց իր կամային հատկանիշների շնորհիվ:

Մաքսիմն այս մրցաշարում մասնակցեց 82 կգ քաշային կարգում, որը ոչ օլիմպիական է: Մենք նրա հետ դեռ աշխատաք ունենք անելու: Եթե ցանկություն հայտնի օլիմպիական քաշում հանդես գալ, բնականաբար կարող է պայքարել: Դեռ որոշված չի: Շատ հնարավոր է, որ մասնակցի նաեւ աշխարհի առաջնությանը: Ինչու ոչ: Նա միշտ եղել է Հայաստանի հավաքականի լիդերներից:

Այժմ կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը, որը օլիմպիական վարկանիշային է: Տեղի է ունենալու Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 15-24-ը»,- մանրամասնեց Արմեն Բաբալարյանը:

Հիշեցնենք, որ Երեւանում անցկացված Բենուր Փաշայանի հուշամրցաշարը ընտրական էր Հայաստանի հավաքականի համար: Արդյունքներով կձեւավորվի կազմը, որը կպատրաստվի Փարիզ-2024 օլիմպիական վարկանիշ տվող աշխարհի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում