09:02  ,  31 մայիսի, 2023

Եվրոպայի լիգայի եզրափակիչ․ «Սեւիլիա» - «Ռոմա»՝ անոնս

Իսպանական «Սեւիլիան» ու իտալական «Ռոման» մայիսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կվիճարկեն Եվրոպայի լիգայի գավաթը։

«Ռոման» առաջին անգամ կպայքարի այս տիտղոսի համար։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը երկրորդ տարի անընդմեջ հանդես կգա եվրագավաթային եզրափակիչում։ Անցած տարի հռոմեական թիմը նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։

«Սեւիլիան» ռեկորդակիր է երկրորդ եվրագավաթային մրցաշարում տիտղոսների քանակով։ ՈւԵՖԱ-ի գավաթ/Եվրոպայի լիգայում «Սեւիլիան» հաղթել է 6 անգամ, նախորդ անգամ՝ 2020 թվականին։

«Ռոման» ու «Սեւիլիան» պաշտոնական հանդիպումներում մրցել են մեկ անգամ։ 2020 թվականին Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում «Սեւիլիան» առավելության է հասել 2:0 հաշվով։

Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանի փլեյ-օֆֆում «Սեւիլիան» պայքարից դուրս է թողել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին», թուրքական «Ֆեներբահչեին», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» եւ իտալական «Յուվենտուսին»։

«Ռոման» դուրս է թողել ավստրիական «Զալցբուրգին», իսպանական «Ռեալ Սոսիեդադին», հոլանդական «Ֆեյենորդին» եւ գերմանական «Բայերին»։

«Սեւիլիա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով