01:02  ,  31 մայիսի, 2023

Գեւորգ Ալեքսանյան․ Եթե Մաքսիմ Մանուկյանը հաղթի այս մրցաշարում, կընդգրկվի ազգային հավաքական

Եթե Մաքսիմ Մանուկյանը հաղթի այս մրցաշարում, կընդգրկվի ազգային հավաքական։ Նրա հետ դեռ չենք զրուցել, չգիտենք, թե ինչ նպատակներ ունի, շարունակելու է մարզվել, թե ոչ, եւ ամենակարեւոր հարցը՝ ինչու է ոչ օլիմպիական քաշում հանդես գալիս։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը:

Երեւանում անցկացվող Բենուր Փաշայանի հուշամրցաշարին մասնակցում է նաեւ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հավաքականի նախկին անդամ Մաքսիմ  Մանուկյանը, որը դուրս է եկել եզրափակիչ եւ մայիսի 31-ին կպայքարի դադարից հետո առաջին ոսկե մեդալի համար։ Մրցաշարը ընտրական է Փարիզ -2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր տվող սեպտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնության համար։

Գեւորգ Ալեքսանյանը մրցաշարի գլխավոր մրցավարն է։ Նրա խոսքով, հուշամրցաշարը հավաքականի ներկայացուցիչների համար ստուգատես է աշխարհի առաջնությունից առաջ։

«Բենուր Փաշայանի հուշամրցաշար ամեն տարի կազմակերպում ենք, բայց փոքրերի համար, այս տարի առաջին անգամ ենք անցկացնում մեծահասակների պայքարում։ Քանի որ Եվրոպայի առաջնությունից առաջ ունեցել էինք Հայաստանի առաջնություն, որոշեցինք աշխարհի առաջնությունից առաջ էլ Հայաստանի առաջնությանը փոխարինող մրցաշար անցկացնել, բայց այս անգամ ըմբիշները մրցեն ոչ միայն միմյանց միջեւ, նաեւ դրսից մասնակիցներ ունենանք, որպեսզի ավելի պատկերավոր լինի թիմի մարզավիճակը։

Սովորաբար Եվրոպայի առաջնության արդյունքներով էինք որոշում աշխարհի կազմը, այս անգամ որոշեցինք այս կերպ անել։ Քանի որ Եվրոպայում մեր թիմի առաջին համարները մասնակցեցին ոչ իրենց հնարավորությունների սահմաններում, որոշվեց, որ պետք է եւս մեկ պաշտոնական հանդիպում ունենալ 2-րդ համարների հետ։ Լինի ստուգատես։

Որպեսզի այդ որոշիչ հանդիպումները միայն Հայաստանի ներկայացուցիչների հետ չլինի, կազմակերպեցինք այս մրցաշարը եւ դրսից հրավիրեցինք մասնակիցների։ Արդյունքները թույլ կտան տեսնել թիմի վիճակը, հասկանալ, թե ում հետ ինչ աշխատանք կա տանելու մինչեւ աշխարհի առաջնություն։  Ի զարմանս ինձ, առաջին մրցումային օրը ուժեղ , հետաքրքիր եւ դիտարժան գոտեմարտերի ականատես եղանք։ Մրցաշարից ազատված են Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը եւ Հրաչյա Պողոսյանը։  Արթուրն ու Մալխասը Եվրոպայի չեմպիոններ դարձան, ազատ ենք թողել, Պողոսյանը վնասվածք ունի»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը։

Անդրադառնալով Մաքսիմ Մանուկյանի մրցագորգ վերադառնալուն, հավաքականի մարզիչը նշեց, որ ուրախ է, բայց կան մի շարք հարցականներ։

«Մաքսիմի վերադարձի մասին իմ անձնական կարծիքն եմ ասում՝ անսպասելի էր։ Ես չեմ իմացել, որ նա մտադիր է վերադառնալ, մասնակցել 82 կգ քաշային կարգում։ Երկար ընդմիջում է ունեցել, կտեսնենք՝ որքանով է ազդել դադարը։ Գտնում եմ, որ նա լիարժեք հանգստացած է, հոգեբանական առումով վերականգնված: Նա որակով ըմբիշ է եղել: Առաջին օրվա երեք գոտեմարտերը ցույց տվեցին, որ նորից իր լավ ժամանակահատվածների գոտեմարտերն է անում։ 4 տարի չի գոտեմարտել, բայց պահպանում է դիտարժան գոտեմարտեր անցկացնելու հմտությունները:

Եթե Մաքսիմ Մանուկյանը հաղթի այս մրցաշարում, կընդգրկվի ազգային հավաքական։ Նրա հետ դեռ չենք զրուցել, չգիտենք, թե ինչ նպատակներ ունի, շարունակելու է մարզվել, թե ոչ, եւ ամենակարեւոր հարցը՝ ինչու է ոչ օլիմպիական քաշում հանդես գալիս։ 

Շատ լավ կլիներ, որ նա մնար, այս դադարը չվերցներ, մնար որպես լիդեր, առաջին համար։

Եթե այս մրցաշարից հետո կուզենա շարունակել, հավաքականում կունենա իր տեղը։ Մարզիչներով կխոսենք նրա հետ, կհասկանանք։ Նա մասնակցում է, բայց իր հետ ոչինչ չի խոսվել։ Անձամբ ես նրա նպատակները չգիտեմ։ Զարմացա եւ ուրախացա՝ նրան տեսնելով։ Մաքսիմը որակով, փորձառու ըմբիշ է։ Լավ կլինի, որ հաղթի»,- նշեց Գեւորգ Ալեքսանյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով