14:01  ,  30 մայիսի, 2023

Այսօր խփենք վաղվա գոլը միասին. «Միլանի» ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը եկել է Հայաստան (ֆոտո, վիդեո)

Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Միլանի» ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի շրջանակում 160 մարզաբնակ երեխա աննախադեպ հնարավորություն է ստացել մարզվել Իտալիայից ժամանած հանրահայտ մարզիչների հետ՝ Կլաուդիո Զոլա, Ամադեո Կատալդի, Լեո Մոզեսոն եւ Վիրիո Պերելլի։

Ճամբարին մասնակցում են 11-15 տարեկան 160 երեխաներ, որոնք մարզային ֆուտբոլային ակումբներում աչքի են ընկել տաղանդով եւ յուրահատուկ խաղով։

Այնթապից 13-ամյա Յուրի Գեւորգյանն այդ երեխաներից մեկն է: Ֆուտբոլով արդեն 2 տարի է զբաղվում, երազում է պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ եւ հույս ունի, որ ճամբարին մասնակցությունը եւ այստեղ ստացած գիտելիքներն ու փորձը կօգնեն հասնել երազանքին։ Մարզումների առաջին երկու օրերի ընթացքը նույնիսկ գերազանցել է Յուրիի ակնկալիքները։

 «Շատ լավ են անցնում պարապմունքները, քանի որ մարզիչները մեծ փորձ ունեն, թոփ ակումբների ֆուտբոլիստների հետ են աշխատել եւ գիտեն՝ ում հետ ինչպես աշխատել։ Երբ մենք սխալներ ենք անում, իրենք մեզ «դուխ» են տալիս, որ մենք չկոտրվենք ու հաջորդ անգամ արդեն ճիշտ անենք»,- նշեց Յուրին։

«Միլանի» ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը բարեգործական նախաձեռնություն է, որն իրականացվում է «Ամերիաբանկի» կողմից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Team Telecom Armenia-ի եւ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։

«Ամերիաբանկի» մարքեթինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանի խոսքով, այս նախաձեռնությունը նաեւ սոցիալական մեսիջ ունի եւ հիանալի օրինակ է, թե ինչպես մի քանի խոշոր ընկերություններ միավորվելով մեկ գաղափարի շուրջ՝ կարող են օգնել իրականացնել տասնյակների երազանքը։ Ճամբարի կարգախոսը՝ «Այսօր խփենք վաղվա գոլը միասին», հենց այդ խորհուրդն ունի։

«Այսօր խփում ենք վաղվա գոլը մեր միասնականությամբ։ Մենք ցույց ենք տալիս մեր երիտասարդներին, որ երկրում արդեն հաջողության հասած մարդիկ, ընկերությունները կարող են միավորվել, որպեսզի իրենց հնարավորություն տան իրագործել իրենց երազանքը։ Եթե իրենք սիրում են ինչ-որ բան, երազում են ինչ-որ բանի մասին, մեծ են մտածում, անպայման կգտնվի մեկը, մի քանիսը, ովքեր դա կտեսնեն եւ այդ հնարավորության դուռը կբացեն իրենց համար»,- ասաց Ռեբեկա Հակոբյանը։

Հայաստանի խոշորագույն հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, չէր կարող չմասնակցել նման մասշտաբային նախագծին՝ ասում է ընկերության  Լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։ Հատկապես որ գաղափարը, նրա խոսքով, համահունչ է ընկերության սկզբունքներին եւ փիլիսոփայությանը։

«Սա փոքրիկ պատուհան է երեխաների համար։ Վստահ ենք, որ մասնակից 160 երեխաներից գոնե մեկի համար կդառնա դուռ, որով նա դուրս կգա արդեն եվրոպական ֆուտբոլ»,- նշեց նա։

«Միլանի» ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը 1998 թվականից անցկացվում է մի շարք երկրներում՝ հնարավորություն տալով երեխաներին եւ պատանիներին մարզվել հայտնի մասնագետների հետ եւ նոր հմտություններ ձեռք բերել։ Այս տարի ամբողջ աշխարհում 7000-ից ավելի երեխա ճամբարին մասնակցելու հնարավորություն կստանա։

«Հայաստանում ճամբարն անցկացվելու է Ֆուտբոլի ակադեմիայում երկու փուլով, յուրաքանչյուրը 5 օր է տեւելու։ Մարզումները լինելու են առավոտյան եւ երեկոյան, այսինքն, յուրաքանչյուր փուլի մասնակիցները 10 պարապմունքի են մասնակցելու։ 10 օրվա ընթացքում չեմպիոններ պատրաստելը, իհարկե, անհնար է, բայց մեր հիմնական նպատակն է երեխաներին գործիքներ տալ, որ հասկանան, թե ինչպես եւ որտեղ կարող են իրենց մակարդակն էլ ավելի բարձրացնել»,- ասաց «Միլանի» ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի համակարգող եւ կազմակերպիչ Լուկա Ամադեսին։

Հայաստանի մարզիչների համար էլ այս նախաձեռնությունը իտալացի մասնագետների հետ փորձի փոխանակման լավ հնարավորություն է։ Ծրագրին միացել է Ֆուտբոլի ֆեդերացիայի 4 մարզիչ, նաեւ` կամավոր մարզիչներ, որոնց եվրոպացի գործընկերները կփոխանցեն ֆուտբոլի դասավանդման իտալական ավանդույթները։

«Միլանի» ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի գլխավոր մարզիչ Կլաուդիո Զոլան խոստովանում է՝ առաջին անգամ է տեսնում, որ ճամբարին այսքան մեծ թվով աղջիկներ մասնակցեն։

Կլաուդիո Զոլան ապագա ֆուտբոլիստներին՝ անկախ սեռից, խորհուրդ է տալիս հավատալ սեփական ուժերին, չհիասթափվել եւ չհանձնվել։

«Ամենակարեւորը, որ բոլորը հավատան սեփական ուժերին։ Ֆուտբոլը խաղ է. եթե չեք կարող խաղալ հաճույքի համար, ուրեմն ֆուտբոլը ձեր տեղը չէ։ Բազմաթիվ երեխաներ են երազում ֆուտբոլիստ դառնալ։ Բայց դրան հասնելու համար պետք է ամեն օր քրտնաջան աշխատել՝ քայլ առ քայլ հղկելով հմտությունները, ձգտելով հասնել լավագույն մարզիկների խաղամակարդակին։ Հաճախ երեխաները պարտությունից հիասթափվում են, բայց սպորտի գեղեցկությունը նրանում է, որ ամեն օր հնարավորություն ունես կատարելագործվելու՝ եւ որպես մարզիկ, եւ որպես անձ»,- ասաց Կլաուդիո Զոլան։

Միջոցառման ավարտին Լուկա Ամադեսին Ամերիաբանկին նվիրեց «Միլան» ֆուտբոլային ակումբի մարզաշապիկը՝ բոլոր խաղացողների ինքնագրերով։ Միջոցառման բոլոր մասնակիցների ինքնագրերով  գնդակն էլ բաժին հասավ լրագրողներից մեկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով