22:00  ,  6 մայիսի, 2023

«Ինտերը» պարտության մատնեց «Ռոմային» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Ռոմային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

33-րդ րոպեին հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսի փոխանցումից հետո աչքի ընկավ իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։ 74-րդ րոպեին «Ինտերի» առավելությունը կրկնապատկեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որին գոլային փոխանցում կատարեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ 71-րդ րոպեին փոխարինեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուին։

«Ինտերը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում եւ 63 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռոման» 58 միավորով 7-րդն է։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռոմա» - «Ինտեր»՝ 0:2 (տեսանյութ)

Ֆեդերիկո Դիմարկո, 33, Ռոմելու Լուկակու, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում