14:40  ,  3 մայիսի, 2023

Մալխաս Ամոյան․ Այս անգամ ավելի բարդ տրվեց տիտղոսը

Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվել: Այս անգամ ավելի բարդ տրվեց այդ հաղթանակը: Զագրեբի Եվրոպայի առաջնությունն ինձ համար կառանձնան եզրափակիչ գոտեմարտով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճած Մալխաս Ամոյանը:

Զագրեբում 77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը վերջին վայրկյաններին 6:4 հաշվով հաղթեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեսին եւ նվաճեց իր երկրորդ չեմպիոնությունը Եվրոպայի առաջնությունում:

«Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի կրկնակի  չեմպիոն հռչակվել: Այս անգամ մի փոքր ավելի բարդ ստացվեց: Այս առաջնությունն ինձ համար կառանձնա երզափակիչ գոտեմարտով: Մի փոքր ծանր տրվեց: Մրցակիցս շատ լավ էր պատրաստվել իմ դեմ: Հաղթանակի համար ամեն ինչ արեց: Այդ գոտեմարտից գոհ չէի: Պետք է ավելի լուրջ մոտենայի, եթե այդ հնարքը չանեի, ճակատագրական կլիներ ինձ համար:

Այս հաղթանակն ինձ ավելի մեծ ուժ եւ վստահություն տվեց 77 կգ քաշային կարգում: Այն ինձ կօգնի հետագայում ավելի վստահ մոտենալ մրցաշարերին, գոտեմարտերին: Բացերս շատ են: Պետք է կարողանանք մարզիչներիս հետ լրացնել դրանք, որ ավելի պատրաստ մոտենամ աշխարհի առաջնությանը:

Ինձ համար Փարիզի Օլիմպիական խաղեր տանող ամենագլխավոր կետը աշխարհի առաջնությունն է: Ամեն ինչ ինձանից է կախված: Պետք է շատ աշխատել, լավ մարզվել եւ կարողանալ վարկանիշ ձեռք բերել»,- ասաց Մալխաս Ամոյանը:

Արմեն Բաբալարյանը լրացրեց, որ 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը պետք է հզորանա եւ ավելացնի նաեւ անձնական քաշը:

«Նա 72 կգ քաշային կարգում է աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել: Նոր է օլիմպիական քաշ տեղափոխվել՝ 77 կգ: Դեռ նրա մոտ այդքան չի ձեւավորվել քաշը, դեռ այդքան հզորություն չի ձեւավորվել 77 կգ-ի համար: Մինչեւ Օլիմպիական խաղեր, կարծում եմ՝ կհասցնի հավաքել 77 կգ-ի համար անհրաժեշտ ներուժը: Մենք նրա անձնական մարզիչների հետ բազմիցս այս հարցին անդրադարձել ենք: Բոլորն էլ նույն կարծիքի են, որ մինչեւ Օլիմպիական խաղեր նրան տանելու ենք տվյալ քաշային կարգում հզորանալու համար: Պետք է հաստատվի այս քաշում թե ֆիզիկապես, թե անձնական քաշով: Մոտ 80 կգ պետք է լինի, որ մրցաշարերից առաջ 2-3 կգ քաշ գցի»,- ասաց Արմեն Բաբալարյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում