17:11  ,  1 մայիսի, 2023

Հայաստանի եւ Ֆրանսիայի հավաքականները կմրցեն Լոս Անջելեսում

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ու Ֆրանսիայի հավաքականները հունիսի 16-ին և 17-ին ընկերական հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։

Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող։

«Մեզ համար մեծ պատիվ է ընկերական խաղ խաղալ Ֆրանսիայի հավաքականի հետ: Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ երկրներ են, ինչը արտացոլված է նաև երկու երկրների բասկետբոլի ֆեդերացիաներում։ Բացի այս ընկերական խաղից, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նախատեսում է նաև այլ ծրագրեր իրականացնել ֆրանսիացի գործընկերների հետ»,- ասել է ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանն:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ամերիկյան «Դետրոյթ Փիստոնսի» գլխավոր մարզիչի օգնական Ռեքս Քալամյանը նույնպես խաղը մեծ իրադարձություն է համարում։

«Անցյալ տարի մենք հաղթեցինք ՖԻԲԱ-ի փոքր երկրների առաջնությունում, իսկ ապագայում ցանկանում ենք մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին։ Այդ իսկ պատճառով Լոս Անջելեսում կանցկացնենք ուսումնամարզական հավաք և ընկերական խաղեր։ Ես ոգևորված եմ, որ Ֆրանսիան համաձայնել է գալ և մասնակցել այս 2 խաղերին, նրանք աշխարհի ուժեղագույն թիմերից են։ Հայաստան - Ֆրանսիա խաղը հիանալի հնարավորություն կլինի Կալիֆորնիայում ապրող հայերի համար ներկա գտնվել խաղերին և աջակցել Հայաստանի հավաքականին»,- ասել է մարզիչը։

Խաղերի մուտքը կլինի տոմսերով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում