13:58  ,  25 ապրիլի, 2023

Հաբեթնակ Կուրղինյան․ 2 ոսկե մեդալը սպասված էր, բայց կարող էինք ավելին

Երկու ոսկե մեդալը սպասված էր, բայց կարող էինք ավելի շատ մեդալներ նվաճել: Այս անգամ չստացվեց: Ունենք գոտեմարտը հաղթական ավարտին հասցնելու խնդիր: Սա վարպետության հմտության պակաս է: Կփորձենք մինչեւ աշխարհի առաջնություն թերությունները շտկել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: Ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչը, երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանը, Արսեն Հարությունյանի եւ Վազգեն Թեւանյանի անձնական մարզիչներն ամփոփել են ապրիլի 17-19-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը երկու ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: 65 կգ քաշային կարգում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Վազգեն Թեւանյանը: 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը երրորդ անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը:

«Եվրոպայի առաջնությունն ավարտեցինք երկու ոսկե մեդալով՝ Արսեն Հարությունյանի եւ Վազգեն Թեւանյանի հաղթանակներով: Այլ մեդալ չունեցանք, բայց կարող էինք: Երրորդ տեղի գոտեմարտեր անցկացրին Հրայր Ալիխանյանն ու Արման Ավագյանը, բայց պարտվեցին:

Արման Ավագյանը կիսաեզրափակիչում մեծ առավելություն ուներ, կարող էր եզրափակիչ մտնել, բայց չստացվեց: Մյուս ըմբիշներն առաջին գոտեմարտերում պարտվեցին ուժեղ մրցակիցների, բայց բոլորն էլ հնարավորություն ունեին նվաճել  մեդալներ: Չստացվեց: Դեռ չենք հասցրել վերլուծել պատճառները: Տղաները մի փոքր կհանգստանան եւ կհասկանանք խնդիրները:

Այս առաջնությունում թիմում երկու նորեկ ունեինք, որոնցից մեկը Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սերգեյ Սարգսյանն էր: Մեծահասակներում նրանք առաջին անգամ էին մասնակցում: Կարծում եմ՝ հասկացան, որ կարող են մեծահասակներում հավասար պայքար տանել: Այս մասնակցությունը նրանց վստահություն տվեց, որն էլ մեր գլխավոր նպատակն էր:

Ունենք որոշակի խնդիրներ՝ գոտեմարտը հաղթական ավարտին հասցնելու խնդիր: Սա վարպետության հմտության պակասն է: Պարտվողը ոչինչ չունի կորցնելու: Պարտվողի համար ժամանակը շատ արագ է գնում, հաղթողի համար՝ դանդաղ: Արման Ավագյանի դեպքում այդպես եղավ: նա սպասում էր, որ ժամանակն արագ կգնա, բայց թակարդն ընկավ եւ 10:12 պարտվեց: Գոտեմարտում ամեն վայրկյանի մեջ պիտի պայքարես»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Հավաքականի երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանը ավելի շատ մեդալների ակնկալիք է ունեցել Եվրոպայի առաջնությունից:

«Երկու չեմպիոն ունենք, որը շատ լավ արդյունք է, իհարկե, բայց կարող էր ավելի լավ լինել: Մենք կարող էինք ավելի շատ մեդալներ նվաճել Զագրեբում: Մեդալների ակնկալիքներ ունեինք Արման Անդրեասյանից, Արման Ավագյանից, Մանվել Խնձրցյանից: Շնորհավորում եմ բոլորիս այս երկու մեծ հաղթանակների կապակցությամբ: Հուսամ՝ աշխարհի առաջնությունում ավելի լավ կմասնակցեն տղաները, ավելի քրտնաջան կաշխատեն եւ  մեդալների քանակն ավելին կլինի: Ունենք բացեր, Եվրոպայի չեմպիոններն էլ ունեն բացեր, որոնց վրա մարզչական շտաբով կաշխատենք: Պետք է ամեն ինչ անենք, որ աշխարհի առաջնությունում թերություններ չլինեն»,- նշեց Էդգար Ենոքյանը:

Հաբեթնակ Կուրղինյանն ընդգծեց, որ մեծ հաղթանակները թիմային աշխատանքի, միմյանց նկատմամբ վստահության շնորհիվ են լինում:

«Ամենակարեւորը թիմում մթնոլորտն է, միմյանց հանդեպ վստահությունը, մարզիչ-մարզիկ հարաբերությունները, անձնական մարզիչների հետ կապն ու վստահությունը: Առանց այս ամենի հաղթանակներ չեն լինի:

Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլը կսկսենք ծաղկաձորյան հավաքով: Հունիսի 14-17-ը կանցկացնենք Ստեփան Սարգսյանի անվան հուշամրցաշար, որին կմասնակցեն բոլորը, այնուհետեւ կշարունակենք աշխարհի առաջնությանը պատրաստվել»,- հավելեց Հաբեթնակ Կուրղինյանը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 5-րդ տեղը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում