00:02  ,  24 ապրիլի, 2023

Մալխաս Ամոյան․ Փառք Աստծո՝ մինչեւ վերջ հավատացի, որ կարող եմ հաղթել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը մեկնաբանել է հաղթանակը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությունում։

«Այս Եվրոպայի առաջնության եկել էի միայն ոսկե մեդալ նվաճելու։ Անձնական մարզիչների, հավաքականի մարզիչների, հորեղբայրներիս, ընկերներիս, բոլորի շնորհիվ կարողացա ոսկե մեդալ նվաճել եւ դառնալ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ 77 կգ քաշային կարգը ուժեղագույններից մեկն է եւ անկանխատեսելի։ Չես կարող ասել, թե այդ պահին ով կհաղթի։

Վիկտոր Նեմեշը շատ ուժեղ ըմբիշ է, աշխարհի չեմպիոն է։ Փառք Աստծո՝ մինչեւ վերջ հավատացի, որ կարող եմ հաղթել։ Անբացատրելի զգացողություն է։ Իմ ուզած ծրագրով չստացվեց եզրափակիչը, գնացի այլ հնարքների։

Մեծ պատիվ է, որ բարձրացնում են Հայաստանի եւ եզդի ազգի պատիվը, դրոշը։ Շատ մեծ պատիվ է։

Ամեն ինչ կանեմ, որ աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեմ, հետո կպատրաստվենք Օլիմպիական խաղերին»,- ասել է Մալխաս Ամոյանը։

77 կգ քաշայինների եզրափակիչում, մինչեւ վերջին վայրկյանները Ամոյանը Նեմեշին պարտվում էր 1:4 հաշվով: Գոտեմարտի ավարտից 7 վայրկյան առաջ Ամոյանը ցատկով գլորեց մրցակցին և 4 միավոր ավելացրեց իր հաշվին: Նեմեշը չելենջ գցեց, բայց մրցավարները չբավարարեցին եւ եւս մեկ միավոր ավելացրին Ամոյանի հաշվին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում