17:46  ,  3 ապրիլի, 2023

Երևանի բասկետբոլի ֆեդերացիան վերսկսել է գործունեությունը

Երկարատև դադարից հետո վերաբացվել է Երևանի բասկետբոլի ֆեդերացիան՝ փորձառու մարզիչ Արեգ Վաթյանի նախագահությամբ։ Նա ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է կառույցի նպատակների և ապագա ծրագրերի մասին։

«Հաշվի առնելով տարբեր երկրների հաջող փորձը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ քննարկումներում եկանք այն եզրակացության, որ պետք է վերականգնել Երևանի բասկետբոլի ֆեդերացիան։ Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Երևանը հանդիսանում է բասկետբոլի զարգացման գլխավոր համայնքը, այդպիսով որոշում կայացվեց վերականգնել հին ավանդույթները և քաղաքի տարբեր անկյուններում անցկացնել բասկետբոլային միջոցառումներ։ Առաջընթաց ապահովելու համար փորձելու ենք հասկանալ քաղաքի ներուժն ու բացահայտել առկա ռեսուրսը»։

Արեգ Վաթյանի խոսքով՝ նորաստեղծ ֆեդերացիան քայլեր կձեռնարկի բասկետբոլն ավելի մասսայական դարձնելու ուղղությամբ։

«Նախատեսվում է կազմակերպել տարբեր տարիքային առաջնություններ, կառուցել բակային խաղադաշտեր: Մեր նպատակն է նաև ունենալ Երևան քաղաքի տարբեր տարիքային հավաքականներ։ Մի շարք պատանեկան թիմեր հնարավորություն կստանան մասնակցել միջազգային մրցաշարերի և ուումնամարզական հավաքների: Պարբերաբար ստուգելու ենք կատարված աշխատանքները և շտկելու ենք բացթողումները։

Այս կառույցը գործելու է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են լինելու նրան, որ Երևանում նոր շունչ տրվի այս մարզաձևի զարգացմանը»,- նշել է Արեգ Վաթյանը։

Ֆոտո՝ ՀԲՖ-ի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս