13:08  ,  2 ապրիլի, 2023

Բայրամյան․ Հույս ունեմ, որ Մխիթարյանը կվերադառնա հավաքական

Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Ռոստովի» 31-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հույս է հայտնել, որ Միլանի «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա ազգային թիմ։

«Էդուարդ Սպերցյանը երբեք չի լինի Հենրիխ Մխիթարյան։ Նա Էդուարդ Սպերցյանն է։ Ամեն մեկն ունի իր ճանապարհը, եւ մենք հիմա տեսնում ենք, որ Էդիկը հզոր ներուժ ունի։ Նա դա ցույց է տալիս ե՛ւ «Կրասնոդարում», ե՛ւ հավաքականի խաղերում։ Այդ պատճառով էլ շատ ակումբներ հիմա ուշադիր հետեւում են նրան։ Կմաղթեմ Էդիկին, որ նրա ուղին ստացվի ոչ պակաս վառ, քան Հենրիխինը։

Հավաքականին միշտ էլ պետք է Մխիթարյանի տրամաչափի խաղացող, որն արդեն 10 տարուց ավելի խաղում է առաջատար լիգաներում, նվաճել է տիտղոսներ, գոլ է խփել Եվրոպայի լիգայի եզրափակիչում։ Նա միշտ կօգնի։ Նրա հետ հավաքականն ավելի ուժեղ կլիներ։

Մխիթարյանին հանդիպել են դեկտեմբերին, երբ Միլանում էի։ Նստեցինք, զրուցեցինք։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտավ։ Ես չեմ կարող նրան համոզել վերադառնալ հավաքական, հավանաբար, ավելի հեղինակավոր մարդիկ կան դրա համար, բայց շատ կցանկանայի, որ նա վերադառնար եւ հույս ունեմ։ Նրա որոշման պատճառների մասին չգիտեմ»,- Բայրամյանի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն։

Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի հաջորդ հանդիպումները կանցկացնի հունիսին։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսին, հունիսի 19-ին կընդունի Լատվիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում