20:29  ,  31 մարտի, 2023

Երիտասարդական ԱԱ․ Էմմա Պողոսյանը նվաճեց բրոնզե մեդալներ

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը 81 կգ քաշային կարգում նվաճեց երկամարտի եւ պոկում ու հրում վարժությունների բրոնզե մեդալները։

Երկամարտում նա հավաքեց 221 կգ: Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 98 կգ եւ նվաճեց այս վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում գլխավերեւում պահեց 123 կգ: Այս վարժությունում էլ Պողոսյանը արժանացավ փոքր բրոնզե մեդալի:

81 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալակիր դարձավ Եգիպտոսի ներկայացուցիչ Ահմեդ Շամս Աբդելաջինը 232 կգ (103+129) արդյունքով, որը երիտասարդների աշխարհի ռեկորդ է: Արծաթե մեդալակիր դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մուրգլվիանին 229 կգ (102+127) արդյունքով:

Հիշեցնենք, որ այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը,  երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում է դարձել երկամարտի բրոնզե մեդալակիր։

Տղամարդկանց թիմի կազմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգա նաեւ Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում