18:10  ,  31 մարտի, 2023

ԱԱ. Համլետ Մանուկյանը 6-րդն է բազմամարտում, Էրիկ Բաղդասարյանը՝ 12-րդը

Համլետ Մանուկյանը 6-րդ տեղը գրավեց աշխարհի երիտասարդական առաջնության բազմամարտի մրցաշարում: Անթալիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում 16-ամյա մարմնամարզիկը վաստակեց 78,666 միավորով՝ 1,533 միավորով զիջելով ոսկե մեդալակրին: Մանուկյանը փայլուն կատարեց բոլոր 6 վարժությունները:

Բազմամարտում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը 77, 464 միավորով գրավեց 12-րդ տեղը:

Բազմամարտի երիտասարդների, աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Չին Գոուհուանը 80,199 միավորով, արծաթե մեդալակիր դարձավ  կոլումբացի Անգել Բարախասը (80,131), բրոնզե մեդալակիր՝ իտալացի Ռիկարդո Վիլլա (79, 665): 

Երկրորդ անգամ անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցեց թիմային պայքարում եւ գրավեց 4-րդ տեղը:

Ապրիլի 1-ին տեղի կունենան առանձին գործիքների եզրափակիչները: Նժույգ թափեր վարժությունում եզրափակիչում մեդալի համար կպայքարեն Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը: Օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Էրիկ Բաղդասարյանը եւ Համլետ Մանուկյանը: Զուգափայտի եզրափակիչում աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալի համար կմրցի Եվրոպայի ոսկե մեդալակիր Էրիկ Բաղդասարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում